Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնել է Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ Երևանի 40-ից ավելի հասցենեում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր, առարկաներ:
Ըստ գերատեսչության՝ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև դեպքին մասնակցած անձանց հիմնական շրջանակը։ Սպանություն և սպանության փորձ կատարողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից սպանության փորձ, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում), 155-րդ հոդվածի (սպանություն, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի ապօրինի շրջանառություն, առավելագուն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) հատկանիշներով:
Այսօր ավելի վաղ ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Երևանի շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Դատախազությունից տեղեկացրել էին, որ Աջափնյակի կրակոցների գործով ձերբակալված կա։
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում տեղի էին ունեցել զանգվածային ծեծկռտուք և կրակոցներ, որի հետևանքով 45-ամյա Արսեն Վարդանյանը մահացել էր, ևս վեց անձ՝ վիրավորվել։ Դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի էր ունեցել կենցաղային հարցերի շուրջ վեճի հիման վրա, և դրան մասնակցել էր շուրջ չորս տասնյակ մարդ։
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել սպանության, սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։



























