Փաստաբան Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ անցկացված փորձաքննությունների արդյունքներից: Ռուսաստանից, Սերբիայից և Չեռնոգորիայից ներգրավված փորձագետները եզրակացրել են, որ ներկայացված նյութը ստեղծվել և մոնտաժվել է արհեստական բանականության ու հատուկ ծրագրային գործիքների կիրառմամբ:
Փորձագետներին ուղղված հարցերը վերաբերել են տեսանյութի ստեղծման գործիքակազմին և արհեստական բանականության հնարավոր կիրառմանը։ Բաբայանը, մեջբերելով մասնագիտական եզրակացությունը, նշում է. օգտագործված տեխնոլոգիաներն ու մեթոդները հաստատում են, որ տեսագրությունը բնօրինակ չէ, այլ ստեղծվել է հենց թվային մանիպուլյացիայի միջոցով։
Մասնավորապես, Չեռնոգորիայի փորձագետները նշել են, որ տեսագրությունը մանիպուլացված է։ Տեխնիկական ցուցանիշները վկայում են, որ ներկայացված ֆայլերը չեն համընկնում բնօրինակին և վերակառուցվել են՝ օգտագործելով արհեստական բանականություն կամ հատուկ ծրագրեր։ Ձայնը չի համընկնում պատկերների հետ, ինչը ցույց է տալիս, որ այն վերասինխրոնացվել է։ Փորձագետները եզրակացրել են նաև, որ տեսագրություններում պատկերված իրադարձությունները կեղծ են։
Ռուսաստանում փորձագետները ևս հաստատել են, որ տեսագրությունը չի կարող համարվել բնօրինակ։ Նշվում է, որ ֆայլերն ստեղծվել են արհեստական բանականությամբ կամ մանիպուլյատիվ ծրագրերի միջոցով, և ձայնը ենթարկվել է էական փոփոխությունների։ Տեսագրությունները չեն համապատասխանում տեսախցիկով նկարահանված նյութերի բնութագրերին, իսկ մետատվյալները հուշում են, որ դրանք ստեղծվել են հատուկ ծրագրային ապահովմամբ։
Սերբիայի փորձագետները նույնպես հավաստիացրել են, որ տեսագրությունները չեն ներկայացնում օբյեկտիվ իրականությունը։ Նրանք նշում են, որ ֆայլերն ստեղծվել են Apple iOS միջավայրում, և վերլուծությունները ցույց են տալիս, որ դրանք մանիպուլացված են։ Ձայնը և պատկերները չեն համընկնում, ինչը ցույց է տալիս, որ նյութը ենթարկվել է փոփոխությունների կամ վերարտադրության։
Փորձագետները բացատրել են, որ ֆայլերի մեջ նկատվող տեխնիկական տարրերը՝ ծրագրային հետքերը, ժամանակային շեղումները և կադրերի վերօգտագործումը, վկայում են, որ տվյալ նյութը վերակառուցվել է։ Այս փոփոխությունները բնութագրվում են որպես մանիպուլացված կամ ալգորիթմական մշակում՝ ի վերջո դրանք չհամապատասխանելով իրականությանը։
Արդյունքում՝ կարելի է եզրակացրել , որ տեսագրություններում պատկերված իրադարձությունները չեն կարող համարվել օբյեկտիվ իրականության արտացոլում, այլ բնորոշել են որպես կեղծ ու կառուցված թվային բովանդակություն։
Երկրորդ հարցը, որն ուղղվել է փորձագետներին, վերաբերում էր հարցին՝ արդյոք տեսագրությունն ստեղծվե՞լ է արհեստական բանականությամբ կամ հատուկ ծրագրերով։ Բաբայանը մեջբերում է պատասխաններն ու նշում, որ այս հարցում օգտագործված տեխնոլոգիաներն ու մեթոդները հաստատում են՝ տեսագրությունն ստեղծվել է արհեստական բանականության կամ հատուկ ծրագրային ապահովման միջոցով։
Այս հարցի վերաբերյալ ստացված պատասխաններից պարզ է, որ տեսագրությունում առկա են փոփոխություններ, որոնք վկայում են արհեստական բանականության կիրառման մասին։ Թվային նյութի մեջ նկատվող տեխնիկական նշանները՝ սկսած արտահանման բնութագրերից մինչև ծրագրային վերամշակման հետքերը, խոսում են այն մասին, որ տեսագրությունը չի հանդիսանում բնօրինակը, այլ մանիպուլացված արդյունք։
Առանձնակի ուշադրության է արժանացել ձայնային բովանդակության իսկությունը։ Ըստ փորձագետի՝ ձայնը չի համընկնում տեսագրության հետ, ինչը հետարտադրական միջամտության հետևանք է։ Ձայնը վերասինխրոնացվել կամ փոփոխվել է՝ արհեստականորեն համապատասխանեցվելով կադրում երևացող իրադարձություններին։ Սա ևս մեկ անգամ հաստատում է բովանդակային փոփոխությունների փաստը։
Բաբայանը նշում է, որ այս բոլոր փորձաքննությունները հնարավորություն են տալիս հետագա ուսումնասիրության միջոցով պարզելու՝ արդյոք տեսագրությունները ներկայացնո՞ւմ են իրականությունն այնպես, ինչպես այն կար։
«Մեր նպատակն է, որպեսզի հանրությանը հասանելի լինեն այս փորձաքննության արդյունքները՝ ամբողջական տարբերակով, իսկ դրա հայերեն թարգմանությունը կհրապարակենք էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև քաղվածքները»,- ասել է Բաբայանը։
2025 թվականի հոկտեմբերին Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութեր էր հրապարակել Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է քեռակնոջ հետ»։ Տեսանյութերի տարածման առնչությամբ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել։ Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ ավելի ուշ վերահաստատել դրանց կեղծ լինելը։
Դեկտեմբերի 4-ին նրան ձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբանը հայտնել էր, որ Մայր Աթոռի դիվանապետը մեղադրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ 2018-ին ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ, ինչը, նրա խոսքով, անհեթեթություն է։
Այսօր ավելի վաղ Արշակ սրբազանի փաստաբանը նշել էր, որ փորձագետները եկել են այն եզրակացության, որ տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ, տեսարաններն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել, տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։
Կարդացեք նաև՝





































