Քննչական կոմիտեն մեկնաբանել է փաստաբան Արսեն Բաբայանի այն հայտարարությունը, որ երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատել են, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը որևէ առնչություն չունի նախկինում տարածված տեսագրությունների բովանդակության հետ։
ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել են, որ դրանք չեն կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ վարույթից դուրս, առանց պատշաճ դատավարական հիմքի և նյութերի լիարժեք ուսումնասիրության ստացված ցանկացած գնահատական չի կարող դիտարկվել ո՛չ որպես ապացույց, ո՛չ որպես փորձագետի իրավաչափ կարծիք և չի կարող հիմք հանդիսանալ որևէ իրավական հետևության համար։
«Ավելին, կամայական կերպով ձեռք բերված նման եզրակացությունները չեն կարող ունենալ որևէ ապացուցողական ուժ, քանի որ փորձագետի եզրակացությունը քրեական վարույթում իրավական արժեք է ստանում բացառապես այն դեպքում, երբ այն հիմնված է վարույթի նյութերի ամբողջական ուսումնասիրության վրա և իրականացվում է համապատասխան դատավարական երաշխիքների պահպանմամբ»,- նշել են ՔԿ-ից։
Գերատեսչությունից հավելել են, որ Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննության եզրակացություն, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում վերջինիս պատկերված լինելու հանգամանքը:
2025 թվականի հոկտեմբերին Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութեր էր հրապարակել Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է քեռակնոջ հետ»։ Տեսանյութերի տարածման առնչությամբ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել։ Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ ավելի ուշ վերահաստատել դրանց կեղծ լինելը։
Դեկտեմբերի 4-ին նրան ձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբանը հայտնել էր, որ Մայր Աթոռի դիվանապետը մեղադրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ 2018-ին ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ, ինչը, նրա խոսքով, անհեթեթություն է։
Այսօր ավելի վաղ Արշակ սրբազանի փաստաբանը նշել էր, որ փորձագետները եկել են այն եզրակացության, որ տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ, տեսարաններն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել, տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։
Կարդացեք նաև՝






































