Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու առիթով, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա civic.am կայքի հրապարակած հեռախոսային խոսակցության առթիվ հաղորդում էր ներկայացրել 2025թ․ հոկտեմբերի 22-ին՝ խնդրելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով (հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելը): Փաստաբանը նշել է, որ Քննչական կոմիտեն մերժել է քրեական վարույթ նախաձեռնելը, իսկ դրա դեմ բերված բողոքն, իր հերթին, մերժել էր ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Իրավապահ մարմիններին ընդհանրապես չի հետաքրքրել, որ հեռախոսային խոսակցության նշված ձայնագրությունը կատարվել է գաղտնի և ամենայն հավանականությամբ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով, քանի որ միայն այդ կերպ էր հնարավոր երեք տարբեր անձանց հեռախոսային խոսակցությունները ձայնագրել»,- նշել է փաստաբանը:
Դատախազության մերժումն ստանալուց հետո Զոհրաբյանը բողոք է ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Դատարանի որոշմամբ՝ բողոքը բավարարվել է, և վարույթի հանրային մասնակցին պարտավորեցվել է նախաձեռնել քրեական վարույթ:
2025 թվականի հոկտեմբերի 17-ին տարածվել էր ձայնագրություն, որում, ենթադրաբար, Նաթան արքեպիսկոպոսի և նախկին հոգևորական Աղան աբեղա Երնջակյանի միջև զրույցն է։ Մայր Աթոռից հրապարակված ձայնագրության մասին շեշտել էին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ»։




































