ՀՀ քննչական կոմիտեն հանցագործության հատկանիշներ չի հայտնաբերել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հեռախոսազրույցի գաղտնիության ենթադրյալ խախտման և հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության վերաբերյալ հաղորդումներում, այդ մասին է վկայում Քննչական կոմիտեի պատասխանն Armenia Today-ին։
ՔԿ-ն ներկայացված 3 հաղորդման վերաբերյալ քրեական վարույթ չնախաձեռնլու արձանագրություն է կազմել և ուղարկել հսկող դատախազի հաստատմանը։
Հոկտեմբերի 23-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության նկատառումներով ներկայացվել էր երկու հաղորդում և դիմում։ Նա մանրամասնել էր, որ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին՝ կապված Նաթան արքեպիսկոպոսի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու և Փաշինյանի ու Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանի (նախկինում Տեր Արամ-խմբ.) կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ:
Հոկտեմբերի 29-ին Զոհրաբյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին Ասատրյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած պատարագի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն։


































