Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Գառնիի բնակչի դեմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին հնչեցրած արտահայտության համար, Armenia Today-ին հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Ըստ գերատեսչության՝ վարույթը նախաձեռնվել է հունվարի 7-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, որը պատժվում է առավելագույնը 3 տարվա ազատազրկմամբ)։
Միջադեպը տեղի է ունեցել եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ, որին ներկա էր նաև վարչապետը։ Իշխանական Civic.am կայքի լրագրողը եկեղեցու բակում հավաքվածներին հարցրել է, թե ի՞նչ պետք է լինի, որ կաթողիկոսը հեռանա։ Ի պատասխան՝ տղամարդն ասել է՝ «Թո՛ղ քարով խփեն գլխին՝ սատկացնեն»։ Հենց այս արտահայտությունն էլ իրավապահները որակել են որպես բռնության հրապարակային կոչ։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Ստեփանյանն աշխատում է Գառնի համայնքի ենթակայության տակ գտնվող կոմունալ տնտեսությունում և զբաղվում է ջրաչափերի սպասարկմամբ։



































