Քննչական կոմիտեն Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում, հայտնել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ խուզարկությունները հաջորդել են դեկտեմբերի 10-ին արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներին։
«Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, առաջ քաշում արհեստական «արևմտյան Ադրբեջան» հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում»,- հավելել է Աբրահամյանը։
Ավելի ուշ Armenia Today-ին ՔԿ-ից տեղեկացրել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ ՔԿ-ից այլ մանրամասներ չեն հայտնել։
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն Armenia Today-ին հայտնել է, որ ժամը 14։10-ի դրությամբ խուզարկությունները շարունակվում են։ Նա տեղեկացրել է, որ կա դատարանի որոշում, ըստ որի ՔԿ-ն անհրաժեշտության դեպքում կարող է փաստաթղթեր առգրավել։
Պետնախարարը նույնպես քննչական գործողությունները կապել է արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումների հետ։
«Բնականաբար, սա կապված է երեկվա լսումների հետ, և Հայաստանի իշխանություններն այս խուզարկություններով մեսիջներ են տալիս»,- հավելել է պետնախարարը։
Կարդացեք նաև՝
Նյութը թարմացվել է 14։15-ին։





































