Կոտայքի մարզում հոկտեմբերի 12-ին սպանված 4 անձանցից մեկը Ռոստովում հայտնի էնդոկրինոլոգ 49-ամյա Մարինա Հայրապետյանն է, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Նրա և ամուսնու դիերը հայտնաբերվել էին Արամուսի մոտակայքում։ Նշվում է, որ նրանց մարմնի վրա առկա էին հրազենային վերքեր և եղանից հասցված հետքեր։
SHOT-ը հայտնել է, որ 44-ամյա Հայրապետյանը և նրա 46-ամյա ամուսինն արձակուրդն անցկացնում էին Հայաստանում: Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի մոտ գտնվող դաշտով մեքենայով անցնելիս՝ նրանք ճանապարհին կանգ էին առել հանգստանալու: Ինչ-որ պահի մի տղամարդ հարձակվել է նրանց վրա և պահանջել մեքենայի բանալիները, բայց նրանք հրաժարվել են տրամադրել, որից հետո տղամարդը հանել է որսորդական հրացանը և կրակել զույգի վրա:
Հարազատները Մարինայի և նրա ամուսնու անհետացման մասին իմացել են մեկ օր անց: Մահացած կնոջ և նրա ամուսնու մարմինները տեղափոխվել են Դոնի Ռոստով։ Զույգն ունի 15-ամյա դուստր։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ին Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ էր արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել էին: Թ.Հ.-ն, առերևույթ հանցանք կատարելուց անմիջապես հետո, Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին իրեն պատկանող հրացանով կրակոցներ էր արձակել նաև Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց:
Ավելի ուշ Armenia Today-ի խմբագրություն է դիմել մի տղամարդ, ով ներկայացել է որպես Հայրապետյանի եղբայր։ Նա հայտնել է, որ քույրը Մարտիրոսյանի հետ գնում էր վերջինիս մորն այցելության՝ առողջական խնդիրների հետ կապված։ Ըստ եղբոր՝ ճանապարհին զինված տղամարդը կանգնեցրել է ավտոմեքենան, տարել դաշտ ու այնտեղ սպանել նրանց։ Հայրապետյանի եղբայրը հայտնել է, որ Մարտիրոսյանը քրոջ ամուսինը չէր։ Նա, ըստ եղբոր, Հայրապետյանի բնակարանում կահույքի աշխատանքներ էր կատարում։






































