Կառավարությունը նախատեսում է վերացնել «Զվարթնոցի» հին մասնաշենքի պահպանական կարգավիճակը՝ օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցումն ու արդիականացումն իրականացնելու համար։ Այս մասին նշվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում հրապարակված նախագծում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հիմնավորմամբ՝ շենքի՝ որպես հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակը սահմանափակում է օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցման և գործառնական արդիականացման աշխատանքների իրականացումը։
Փաստաթղթում նշվում է, որ «Զվարթնոցի» հին մասնաշենքը ներկայում չի օգտագործվում իր սկզբնական նշանակությամբ և չի համապատասխանում գործող օդանավակայանային ենթակառուցվածքների տեխնիկական ու անվտանգային պահանջներին։
Նախատեսվում է մասնաշենքի արդիականացում և գործառնական վերափոխում՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից օդանավակայանային ենթակառուցվածքների, անվտանգության և շահագործման նորմատիվային պահանջներին։ Ըստ նախագծի՝ նպատակը շենքի արդյունավետ օգտագործումն է՝ այն ինտեգրելով օդանավակայանի ընդհանուր զարգացման ծրագրին։
Փոփոխությունը կապված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր մաստեր-պլանի հետ, որը նախատեսում է մինչև 2033 թվականի ավարտը իրականացնել 425 մլն դոլարի կապիտալ ներդրումների ծրագիր։
Գործադիրը 2026 թվականի հունվարի 22-ին հավանություն էր տվել կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը։
Ըստ նախագծի՝ հինգերորդ լրացման շրջանակում նախատեսվում է օդանավակայանի զարգացման նոր ծրագիր, որի ներկայացման պարտավորությունը դրված է կոնցեսիոների վրա։
Ներկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։
Ըստ «Հետք»-ի տվյալների՝ «Զվարթնոցի» հին համալիրը քանդելու ծրագիր կոնցեսիոները ունեցել է դեռևս ավելի վաղ։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի 2013-2017 թվականների մաստեր-պլանով նախատեսվում էր ապամոնտաժել «կլոր շենքը», ինչպես նաև հին VIP մասնաշենքը, որը գտնվում է գործող ուղևորային համալիրից արևելք։
Նախատեսված էր քանդել ընդհանուր շուրջ 90 հազար քմ մակերեսով շինություններ, այդ թվում՝ «կլոր շենքի» հայտնի աշտարակը։ Ըստ այդ ծրագրի՝ աշխատանքները պետք է իրականացվեին 2014-2016 թվականներին, իսկ 2030 թվականին «կլոր շենքի» տեղում նախատեսվում էր ունենալ նոր ուղևորային համալիր։ Այդ ծրագիրը, սակայն, կյանքի չկոչվեց։
Միաժամանակ, դեպի «կլոր շենք» տանող էստակադան, որը գնահատվել էր վթարային, 2016 թվականին Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ ապամոնտաժվեց։ Մնացած շինությունները պահպանվեցին։
«Արթուր Թարխանյան կենտրոնը», որը ղեկավարում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակներից Արթուր Թարխանյանի դուստրը, հուլիսի 16-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու և դրա պահպանական կարգավիճակը դադարեցնելու նախաձեռնությունը։
Կենտրոնի գնահատմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը հայկական ժամանակակից ճարտարապետության լավագույն նմուշներից է, որն ունի միջազգային ճանաչում։ Նրանք նշել են, որ նմանատիպ օդանավակայանային կառույցներից աշխարհում պահպանվել են միայն մի քանիսը, որոնք դիտարկվում են որպես ճարտարապետական և մշակութային ժառանգության արժեքներ՝ անկախ այն հանգամանքից՝ շարունակում են շահագործվել, թե ոչ։
Կենտրոնը պնդել է, որ «Զվարթնոցը» հնարավոր է վերագործարկել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։ Ըստ նրանց՝ ավելի փոքր ներդրումներով և ավելի կարճ ժամկետներում հնարավոր է ապահովել օդանավակայանի թողունակության զգալի աճ՝ այն հասցնելով մինչև երեք անգամ ավելի բարձր մակարդակի և ավելացնելով ևս 10 գեյթ։
«Արթուր Թարխանյան կենտրոնը» կոչ է արել Կառավարությանը վերանայել «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման մաստեր-պլանը և պահպանել հին մասնաշենքը՝ որպես հայկական ճարտարապետական ու մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ։






































