Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, հայտնում է Shamshyan.com-ը։
Newspress.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նրան հիվանդանոց էին տեղափոխել հոկտեմբերի 3-ին՝ Սևան-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով։ Եպիսկոպոսյանն իր սեփական ավտոմեքենայի տակ էր ընկել, ինչի հետևանքով գանգուղեղի կոտրվածք էր ստացել, և վիճակը ծանր էր:
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ նա ընտանիքի հետ Երևան ուղևորվելիս ճանապարհին ոզնի էր նկատել: Ցանկանալով ոզնուն հեռացնել ճանապարհից, որպեսզի կենդանուն վրաերթի չենթարկեն, նա կանգնեցրել էր մեքենան ու իջել: Ըստ աղբյուրի՝ Եպիսկոպոսյանը մոռացել էր փոխանցման տուփը փոխադրել կայանման վրա, և մեքենան առաջ էր ընթացել:
«Եպիսկոպոսյանը փորձել է բացել դուռը, որպեսզի կարողանա կանգնեցնել թափ հավաքող մեքենան: Մեքենայի թափից, սակայն, դուռը հարվածել, գետնին է գցել նրան և նա ընկել է մեքենայի տակ: Մեքենայի հետևում նստած ընտանիքի անդամներից մեկն առաջ է եկել ու կանգնեցրել մեքենան»,- հավելել է կայքը։






































