Oգոստոսի 10-ին Արագածոտնի մարզի գյուղերից մեկում 51-ամյա ամուսինը բենզին է լցրել կնոջ վրա, հրկիզել նրան, ինչի հետևանքով կինը և ընտանիքի անչափահաս երեխան այրվածքներ են ստացել, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության արտաքին հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։
Սիմոնյանը տեղեկացրել է, որ ոստիկանության ծառայողները 51-ամյա տղամարդուն տեղում ձերբակալել և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են տարածքային քննչական մարմին։
«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը ու պարեկները պարզել են, որ ժամը 21։30-ի սահմաններում 51-ամյա տղամարդն ալկոլոհլի ազդեցության տակ, նախնական տվյալներով, վիճաբանել է 46-ամյա կնոջ հետ, որի ընթացքում պլաստմասսայե տարայում լցված բենզինը լցրել է կնոջ թիկունքին, կրակայրիչով վառել է սեղանի ծածկոցը, ինչի հետևանքով կինը ստացել է այրվածքներ։ Ամուսինների անչափահաս դուստրը փորձել է մարել կրակը և նույնպես այրվածքներ է ստացել»,- մանրամասնել են ՆԳՆ-ից։
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հայտնել է, որ դեպքի առթիվ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով (սպանության փորձ):
Նյութը թարմացվել է 14։36-ին։






































