Թունաքիմիկատների ներմուծումն ու շրջանառությունը վերահսկվում են օրենսդրությամբ և ընթացակարգերով, հայտնել է ՍԱՏՄ-ն։
Գերատեսչությունն ադրադարձել է Հայաստանում արտադրվող միրգ-բանջարեղենում պեստիցիդների մնացորդների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ վերջին օրերին շրջանառվող մտահոգություններին։
Հասարակության շրջանում քննարկման նյութ է դարձել «Անվտանգ սնունդ» կայքի՝ «Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ» վերնագրով նյութը։
«Շրջանառվող տեսակետներում փորձ է արվում Հայաստանի բնակչության շրջանում քաղցկեղի և այլ ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը մեծապես պայմանավորել միայն մեկ գործոնով՝ սննդով, ինչը, սակայն, հիմնավոր չէ։ Նման հիվանդությունների տարածման պատճառներից են նաև կենսակերպային, գենետիկ, շրջակա միջավայրի և այլ գործոններ»,- նշել են ՍԱՏՄ-ից։
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի տարածք ներմուծվող բոլոր պեստիցիդներն անցնում են պարտադիր ստուգումներ, այդ թվում՝ լաբորատոր փորձաքննություն, և միայն դրանից հետո է տրվում ներմուծման թույլտվությունը։
Գերատեսչությունից հիշեցրել են, որ Հայաստանում 2022թ․-ից պարտադիր նորմ է թունաքիմիկատ արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը, ինչը բացառում է նույնանուն, բայց անորակ կամ այլ արտադրողի արտադրանքի մուտքը երկիր։
Նշվում է նաև, որ վերահսկողություն է կատարվում նաև Հայաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ, և միայն ընթացիկ տարում պեստիցիդների մնացորդային մակարդակի խախտումների պատճառով մի քանի հարյուր տոննա մթերքի ներմուծում չի թույլատրվել։
«Մնացորդների գերազանցման դեպքերը հիմնականում հետևանք են գյուղատնտեսական ոչ պատշաճ գործելակերպի՝ կիրառվող չափաքանակների (դոզաների), դրանց պարբերականության ու սպասման ժամկետները չպահպանելու և այլն»,- հավելել են գերատեսչությունից։





































