Ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերից հետո խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ, հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ հրապարակման՝ կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
ՀՎԿԱԿ-ը հավաստիացրել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարման մասին։
Ջրից թունավորումների դեպքով քրեական գործ է հարուցվել, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ նրա՝ հոդվածը վերաբերում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությանը, աշխատանքների կատարմանը կամ ծառայությունների մատուցմանը։
Կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 22-ից ամբուլատոր և ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, և նոր դեպքեր չեն արձանագրվել:
Նշենք, որ Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությամբ 11 անձ էր հոսպիտալացվել, որոնց առողջական վիճակը գնահատվել էր միջին ծանրության։
Ապրիլի 29-ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Բյուրեղավանում աղիքային վարակով հոսպիտալացվածները դուրս են գրվել։
Թարմացված է՝ 29.04.2026 | 12:36




































