Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիմնանորոգման աշխատանքների առաջին իսկ օրվանից քննարկումների կենտրոնում է: Քննադատության հիմքում են շինարարական աշխատանքների կազմակերպման ձևն ու դրանց որակը։
Բարձրացված աղմուկից և բողոքի ակցիաներից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչև սեպտեմբերի 8-ը դադարեցրել էր աշխատանքները, ապա հայտարարել, որ դրանք կվերսկսվեն նախագծի լրամշակումից հետո։ Անդրեասյանի խոսքով՝ յուրաքանչյուր շաբաթ այցելում է հուշահամալիր և աշխատանքներին անձամբ է հետևում։
Միևնույն ժամանակ, ոչ ոք դեմ չէ վերակառուցմանը, սակայն այն պետք է վերահսկվի, ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Հուշարձանի վերականգնման աշխատանքները շարունակվում են շուրջ երկու ամիս։ ԿԳՄՍՆ-ից շեշտում են՝ դա անհրաժեշտ է, քանի որ հուշահամալիրը երկար ժամանակ չի վերանորոգվել, կա ջրահեռացման խնդիր: Այդ մասին ասում են նաև ճարտարապետները։
Մասնագետները շեշտում են՝ ամբողջ աշխարհի հայերին միավորող պատմական գլխավոր խորհրդանիշերից մեկը ոչ միայն անփութորեն է վերանորոգվում, այլև տեսնում են քաղաքական ենթատեքստ, քանի որ վերանորոգումը համընկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև Չինաստանում կայացած հանդիպման հետ։
Դեմոյանի կարծիքով՝ Ծիծեռնակաբերդում անհրաժեշտ բոլոր աշխատանքները կարող էին իրականացվել առանց աղմուկի և Հայոց ցեղասպանության հուշահամալիրը վնասելու, ինչպես նաև հատկացված բյուջեից 20 անգամ քիչ գումարով։
Ինչո՞ւ են իշխանությունները մի կողմից, հայտարարում, որ Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ, մյուս կողմից՝ վերակառուցում են Ցեղասպանության հուշարձանը։
Փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ այն որ օտարերկրյա ոչ պրոֆեսիոնալ աշխատուժ է ներգրավված, որի արդյունքում վնասվել են հուշահամալիրի մույթերը, իսկ աշխատանքներն էլ ձգձգվում են, նպատակ ունի սահմանափակել մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ՝ ընդհուպ նաև ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ինչն ազդանշան է Թուրքիային։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հռիփսիմե Ղազարյան


























