«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երկու ամսով կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել՝ իր դեմ իրականացվող հետապնդումն անվանելով շինծու։ Նրա հայտարարությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Նա հավելել է, որ մտադիր է շարունակել իր գործունեությունը հանուն Հայաստանի։
«Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ։
Ծառուկյանի խոսքով՝ քրեական հետապնդումը դարձել է խորհրդարանական ընտրություններից հետո սկսված ճնշումների շարունակությունը։ Նա հայտարարել է, որ ԲՀԿ-ն հավաքել էր բավարար ձայներ Ազգային ժողով անցնելու համար, սակայն «գործող իշխանությունների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում»՝ ոտնահարելով տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները։
Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել քաղաքական ուժերին, հանրային շրջանակներին և բոլոր նրանց, ովքեր, անկախ քաղաքական նախասիրություններից, իրենց ձայնը բարձրացրեցին անարդարության դեմ։
«Իմ խիղճը հանգիստ է»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը՝ իր դեմ հարուցվածն անվանելով «ակնհայտ կեղծ, սարքովի գործ․․․ մի դատարկ, փուչիկ գործ»։
Ըստ նրա՝ Հայաստանն անցնում է լրջագույն փուլով, երբ երկրին անհրաժեշտ են «խոհեմություն և ներքին, հանրային համերաշխություն»։ Նա նաև շեշտել է, որ ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը «չեն կարող փոխել իր մտածողությունը, իր արժեհամակարգը»։
Քննչական կոմիտեի վարկածով՝ 2022-2024 թվականներին Ծառուկյանը խարդախության սխեմա է կազմակերպել Իրանից ապրանքների և վառելիքի ներկրման ժամանակ, որի արդյունքում հափշտակվել է ավելի քան 8,1 մլրդ դրամի (մոտ 21,7 մլն դոլար) գույք, ինչից հետո ստացված միջոցները օրինականացվել են։ Բացի այդ, Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի որսի գործով։
Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ են իրականացրել Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերությունների հետ կապված ավելի քան 70 հասցեներում։ Նույն օրը քաղաքական գործիչը ձերբակալվել է, իսկ հուլիսի 7-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորել է։ Պաշտպանական կողմը հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն և քաղաքականապես մոտիվացված։





































