ԵՊՀ-ն աշխատանքից ազատել է փաստաբան, Արցախի նախկին օմբուդսմեն և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին. բուհի հետ պայմանագրի խզման և աշխատանքից հեռացման մասին սոցիալական ցանցերում հայտարարել է ինքը՝ Մելիքյանը։
Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից դադարում է դասավանդել Մայր բուհում՝ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ստորագրությամբ համապատասխան ծանուցում ստանալուց հետո, հայտնում է մամուլը։
Մելիքյանի պնդմամբ՝ իրեն չի ներկայացվել և չէր կարող ներկայացվել դասավանդման որակի վերաբերյալ որևէ նկատառում, հետևաբար որոշումը պայմանավորված է իր իրավապաշտպանական գործունեությամբ և հանրային ակտիվությամբ։
«ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձի այս որոշումը դիտարկում եմ որպես կամայականության ու ապօրինության դրսևորում։ Այն փոքր կաթիլ է Հայաստանի «ադրբեջանացման» հրեշավոր ծրագրում, որի կարևոր բաղադրիչ է գիտա-կրթական համակարգի վեթինգը»,- նշել է նա։
Նա շեշտել է, որ Մայր բուհում 23-ամյա դասախոսական աշխատանքն ավարտում է հանգիստ խղճով ու բացճակատ։
«Հակառակ մեծ զբաղվածությանս՝ համալսարանական նոր սերունդների կրթությանը տասնամյակներ շարունակ իմ լուման ներդնելու որոշումս առաջին հերթին պայմանավորված է եղել իմ՝ Մայր կրթօջախի նկատմամբ ունեցած բարոյական պարտավորությամբ»,- նշել է նա։




































