Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն սկսել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք աշնանը կանցկացվեն Կոտայքի մարզի 6 համայնքում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի փոխանցմամբ՝ իշխող կուսակցությունում ակնկալում են հասնել բարձր արդյունքների և թույլ չտալ ընդդիմության դիրքերի ամրապնդումը տեղական ինքնակառավարման մարմիններում։
Ինչպես պնդում է թերթը, կուսակցությունն արդեն սկսել է թեկնածուների ընտրության և համաձայնեցման գործընթացը, սակայն մի շարք համայնքներում վերջնական որոշումներ դեռևս չկան։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Գառնիում քննարկվում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի առաջադրման տարբերակը։
Հրազդանում իշխանության թեկնածուն, ինչպես սպասվում է, կլինի ԱԺ պատգամավոր, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը։
Ծաղկաձորում, թերթի տվյալներով, իշխանությունները դիտարկում են գործող համայնքապետ Նարեկ Հարությունյանին կրկին աջակցելու հնարավորությունը, սակայն, միևնույն ժամանակ, շարունակում են այլընտրանքային թեկնածուի որոնումները։ Պարբերականը պնդում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նրա աշխատանքից։
Աբովյանում, Նաիրիում և Նոր Հաճնում, ինչպես գրում է թերթը, թեկնածուների որոնումներն ու ներկուսակցական քննարկումները շարունակվում են։
Թերթի տեղեկություններով՝ իշխանություններն այս ընտրություններին առանձնահատուկ նշանակություն են տալիս, քանի որ Կոտայքի մարզն, ավանդաբար, համարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «ազդեցության գոտի»։
Հոկտեմբերի 25-ին ընտրություններ տեղի կունենան Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան համայնքներում, իսկ նոյեմբերին՝ Աբովյանում, Նաիրիում և Նոր Հաճնում։




































