Starship-ի նախատիպը պայթել է իր ութերորդ փորձնական արձակման ժամանակ՝ թռիչքից շուրջ տասը րոպե անց, հայտնել է RBC-ն՝ հղում անելով BBC-ին։
Ըստ կայքի՝ միջադեպը տեղի է ունեցել մոտ 150 կմ բարձրության վրա։ Super Heavy հրթիռային մեքենայից բաժանվելուց հետո տիեզերանավն սկսել է պտտվել, և նրա հետ կապը կորել է։ Հրթիռային մեքենան բարեհաջող վայրէջք է կատարել Տեխասի Starbase արձակման հարթակում:
Իլոն Մասկի SpaceX տիեզերական ընկերության ներկայացուցիչը հաստատել է տիեզերանավի հետ կապի կորուստը՝ որպես «վերջին կապ»։ Ավելի ուշ նրանք պարզաբանել են, որ բարձրություն հավաքելիս տեղի է ունեցել տիեզերանավի «արագ չնախատեսված ապամոնտաժում», և խոստացել են հետաքննել միջադեպի պատճառները։
Starship-ը երկաստիճան հրթիռ է՝ 121 մ բարձրությամբ և 5 հազար տոննա զանգվածով, այն կարող է մինչև 150 տոննա օգտակար բեռ արձակել Երկրի ցածր ուղեծիր։ Առաջին փուլը հենց տիեզերանավն է, երկրորդը՝ Super Heavy ուժեղացուցիչը։ Հետագայում նախատեսվում է հրթիռն օգտագործել դեպի Լուսին և Մարս կառավարվող թռիչքների համար։
Starship-ի նախորդ պայթյունը տեղի էր ունեցել հունվարի 16-ին՝ յոթերորդ փորձնական արձակման ժամանակ: Այնուհետև տիեզերանավի հետ կապը կորել էր մեկնարկից ութուկես րոպե անց: Մասկը վթարի պատճառ էր համարել թթվածնի կամ վառելիքի արտահոսքը: