ՀԱԵ Արցախի թեմական խորհուրդը խոր անհանգստություն և մտահոգություն է հայտնել՝ կապված Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործելակերպի և դիրքորոշումների հետ, փոխանցում է «Ապառաժը»։
Աբրահամյանն այն 10 եպիսկոպոսներից է, որոնք հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև կոչ արել Ամենայն կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը։
Նշվում է, որ թեմական խորհուրդը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդի հետ ու լսել նրա տեսակետն ու մեկնաբանությունները։
«Պետք է հստակ արձանագրենք, որ չենք կարող կիսել և դատապարտում ենք այդ մոտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ խորհուրդը թեմակալ առաջնորդի քայլերի մասին նախապես տեղեկացված չէր, և այն չի բխել իրենց միասնական դիրքորոշումից ու ներարցախյան քննարկումների տրամաբանությունից։
Խորհուդը նշել է, որ բազմաթիվ արցախցիների մոտ այդ քայլն առաջացրել է զայրույթ, վրդովմունք և անվստահություն։ Թեմական խորհուրդը վերահաստատել է իր համոզումը, որ բոլոր եկեղեցական հարցերը պետք է լուծվեն բացառապես եկեղեցու ներսում՝ համապատասխան կանոնակարգերի, ավանդության և ազգային արժեհամակարգի սկզբունքով։
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Արցախի թեմի առաջնորդի պահվածքը վրդովմունք է առաջացրել արցախցիների շրջանում և արցախցի գործիչներն ուղիներ են որոնում՝ նրան թեմական առաջնորդությունից զրկելու համար։ Արցախից բռնի տեղահանվածները նաև ակցիա էին իրականացրել Երևանում՝ Արցախի թեմի առաջնորդարանի դիմաց, և պահանջել թեմի առաջնորդից ներողություն խնդրել վարչապետի հետ հանդիպելու համար։
Փաշինյանի կազմակերպած հանդիպմանը մասնակցել էին բարձրաստիճան հոգևորականներ, որոնք, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետին դատապարտող հայտարարություն: Մասնավորապես, հանդիպմանը ներկա էին արքեպիսկոպոսներ Նավասարդ Կճոյանը, Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Աբրահամյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։ Նրանք նոյեմբերի 29-ին կոչ էին արել Ամենայն Հայոց կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։






































