Հայաստանի խորհրդարանը վերջին տարիներին ավելի հաճախ է դառնում սուր լեզվակռիվների և ֆիզիկական բախումների թատերաբեմ։ Քաղաքական բևեռացման, արտաքին քաղաքականության վերաբերյալ վեճերի, պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ գործերի քննարկման և զգայուն նախաձեռնություններ առաջ մղելու իշխանությունների փորձերի ֆոնին նիստերը հաճախ վերածվում են կոնֆլիկտների:
Armenia Today-ի խմբագրությունը հավաքել է ամենաաղմկահարույց միջադեպերի ցանկը՝ Ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի շուրջ ծեծկռտուքից մինչև «այլ պետության շահերի սպասարկման» մեղադրանքների ֆոնին նիստերի խափանումներ և »ահաբեկչության նախապատրաստման» գործի շուրջ լարված բանավեճեր:
Ծեծկռտուք ցեղասպանության ուրացման համար պատասխանատվության մասին օրինագծի շուրջ
Հայաստանի խորհրդարանում ապրիլի 22-ին ծեծկռտուք էր սկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների միջև՝ Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի քննարկումից հետո: Ընդդիմությունը ներկայացրել էր նախաձեռնությունը և կոչ արել իշխանություններին աջակցել դրան՝ որպես «ազգային արժանապատվության» հարց: Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները ՀՅԴ-ին մեղադրել էին պատմական անհետևողականության մեջ՝ հիշեցնելով 1920 թվականին Թուրքիայի հետ խաղաղության և բարեկամության պայմանագրի ստորագրման մասին: Այդ ֆոնին լեզվակռիվը վերածվել էր ֆիզիկական ծեծի։
Սուր լեզվակռիվ Լևոն Քոչարյանի ելույթից հետո
Խորհրդարանում մայիսի 14-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի ելույթից հետո իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև մեկնաբանությունների կտրուկ փոխանակում էր տեղի ունեցել: Նա քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հայտարարելով, որ վերջինիս դուրս կշպրտի աթոռից, եթե կրկին սպառնա ընդդիմությանը: ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Քոչարյանին դիմել էր հետևյալ խոսքերով. «Այ տղան էլ ես դու, չափերդ էլ ճանաչի, այ տղա»: Այս իրավիճակը գրեթե ծեծկռտուքի էր վերածվել: Պատգամավորներն սկսել էին վիրավորել միմյանց, բայց ֆիզիկական բախման գործը չէր հասել:
Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա կուրսի շուրջ բանավեճը տապալել էր Ազգային ժողովի նիստը
Հուլիսի 3-ին խորհրդարանում վիճաբանություն էր սկսվել անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությունից հետո, թե Հայաստանի իշխանությունները «վատթարացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ և Թուրքիայի միջոցով շարժվում են դեպի Եվրոպա»: Նրա ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արման Եղոյանն ամոթանք էր տվել, իսկ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն Աղազարյանին մեղադրել էր «օտար պետության շահերը սպասարկելու» մեջ և պահանջել լքել դահլիճը:
Վիճաբանություն Ռուբեն Ռուբինյանի և Արթուր Սարգսյանի միջև՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացման քննարկմանը
Խորհրդարանում հուլիսի 7-ին փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել: Միջադեպը տեղի էր ունեցել «ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման» գործով մեղադրվող Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդության ներկայացման քննարկման ժամանակ: Վիճաբանությունն սկսվել էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթից հետո, երբ Սարգսյանը փորձել էր տեղից հարց ուղղել: Ռուբինյանը պահանջել էր, որ լռի ու «տեղը նստի»:
Միջադեպ խորհրդարանում Արթուր Սարգսյանին անձեռնխմելիությունից զրկելու հարցի ֆոնին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո հուլիսի 8-ին իրարանցում էր սկսվել: Միջադեպն առաջացել էր, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահե Ղալումյանը փորձել էր մոտենալ Սարգսյանին, երբ վերջինս լքում էր նիստերի դահլիճը: Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դեպքի վայրից տեսանյութ էր հրապարակել՝ հայտարարելով, որ իշխող կուսակցության պատգամավորների օգնականները ներխուժել են դահլիճ և հարձակվել ընդդիմադիր խորհրդարանականների վրա: Միջադեպը տեղի էր ունեցել Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ֆոնին։ Նրան մեղադրում են «ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման» գործով, որով անցնում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և ևս 15 մարդ:
Լեզվակռիվ Թագուհի Թովմասյանի և Արթուր Հովհաննիսյանի միջև՝ ճեպազրույցների ընթացքում
Սեպտեմբերի 4-ին խորհրդարանում լեզվակռիվ էր բռնկվել պատգամավորներ Թագուհի Թովմասյանի և Արթուր Հովհաննիսյանի միջև։ Թովմասյանի ճեպազրույցի ժամանակ Հովհաննիսյանը միջամտել էր՝ նկատողություն անելով, ինչին նա կտրուկ հակադարձել էր. «Ձե՛նդ կտրի»: Երկու պատգամավորն էլ Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ են։ Միջադեպը տեղի էր ունեցել, երբ Թովմասյանը պատասխանել էր Բաքվի բանտերում հայ գերիների ճակատագրի մասին հարցին։ Անցնելով նրա կողքով՝ Հովհաննիսյանը մեկնաբանություն էր արել նիստերի հաճախելիության մասին, ինչն էլ էմոցիոնալ արձագանք էր առաջացրել։ Լրագրողները նրան խնդրել էին չխանգարել ճեպազրույցի աշխատանքը։



































