Տավուշի մարզի Նավուր բնակավայրի հարակից անտառներում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, հայտնում է Բերդի համայնքապետարանը։
Նշվում է, որ համայնքապետարանի և համայնքի վարչական տարածքների շուրջ 50 աշխատակից մասնակցել է իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին:
Այսօր ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում հրդեհաշիջում են իրականացնում 62 փրկարարական ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են նաև Էկոպարեկային ծառայության 40 աշխատակից և գյուղի 53 բնակիչ։ Հիշեցնենք, որ խոշոր հրդեհ էր բռնվել նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում։ Նոյեմբերի 23-ին կրակը տարածվել էր «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժիններում՝ այրելով խոտածածկ և ծառեր։






































