Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, 2 ամսով կալանավորվել է, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
Դատարանը բավարարել է ՔԿ-ի՝ ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը։
Նոյեմբերի 20-ին Armenia Today-ը ՔԿ-ից տեղեկացել էր, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում): «Ազատությունը», հղում անելով փաստաբան Արամայիս Հայրապետյանին, հայտնել էր, որ նրա նկատմամբ քրհետապնդում է հարուցվել այն բանի համար, որ, «դատական նիստից հետո, իբր, խուլիգանություն է կատարել»։
Ավելի ուշ նույն քրեական վարույթի նախաքննության շրջանակում խուլիգանության հատկանիշներով նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել քաղաքապետի նկատմամբ, որը հոկտեմբերից կալանքի տակ է կաշառք պահանջելու, ինչպես նաև Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» հատկանիշներով։ Նրա որդին անցնում էր շորթման հատկանիշներով հարուցված քրեական վարույթով ու գտնվում էր տնային կալանքի տակ։






































