ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գյումրիի քաղաքապետի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին առնչվող քրեական գործից, որի նախաքննությունն ավարտվել է:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (հարկադրանքի այլ եղանակով կատարված շորթում-խմբ.): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Կոմիտեն նշում է, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ղուկասյանը, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրիին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին՝ պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իրեն ու իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի և վարորդի գործողությունները հսկելու նպատակով ընկերոջը հանձնարարել է նստել բեռնատարը և ուղղորդել:
«Բեռնատարի վարորդը, վախի ազդեցության տակ, բացասական հետևանքներից խուսափելու նպատակով, կատարել է ներկայացված պահանջը և համայնքապատկան բեռնատարով դրանում բեռնված գույքը տեղափոխել է հանգստյան գոտի, բեռնաթափել ու հեռացել: Վերոգրյալ գործողությունների արդյունքում Ս.Ղ.-ն իրենն է դարձել գույքը՝ Գյումրի համայնքին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Սեպտեմբերի 11-ին Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին Սպարտակ Ղուկասյանի ձերբակալության և շորթման հատկանիշներով հարուցված քրեական վարույթի մասին։ Ղուկասյանի որդու նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։ Փաստաբանները հոկտեմբերի 8-ին հայտարարել էին, որ նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Ղուկասյանին կալանավորելու համար:

























