Cloudflare-ն հայտնել է, որ սերվերների աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է։
«Շտկում է իրականացվել, և մենք կարծում ենք, որ միջադեպը կարգավորված է։ Շարունակում ենք վերահսկել սխալները՝ ապահովելով, որ բոլոր ծառայությունները բնականոն աշխատեն»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Cloudflare-ում այսօր կեսօրին խոշոր խափանում էր տեղի ունեցել։ Չէին բացվում կայքերը, սերվերներն անհասանելի էին, անհասանելի էին նաև ընկերության ենթակառուցվածքն օգտագործող բազմաթիվ ինտերնետային ռեսուրսները։
Խափանումն արագ տարածվել էր այն հարթակներում, որոնք կախված էին Cloudflare-ի ենթակառուցվածքի կապից։ Տուժել էին X-ի և Spotify-ի նման ինտերնետային ծառայությունները, որոշները հայտնել էին ChatGPT-ի և Epic Games-ի անհասանելիության մասին։ Խափանման պատճառով Հայաստանի գրեթե բոլոր լրատվական կայքերն անհասանելի էին։ Կապի խնդիրների մասին հայտնել են նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի և այլ երկրների օգտատերեր։
Cloudflare-ն ամերիկյան ընկերություն է, որը տրամադրում է CDN ծառայություններ, պաշտպանություն DDoS հարձակումներից, ռեսուրսների անվտանգ հասանելիություն և DNS ծառայություններ:





































