ՀՀ գլխավոր դատախազությունը կդիմի Ռուսաստանին՝ Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին արտահանձնելու հարցով, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Մեր ունեցած տվյալներով՝ այդ անձինք գտնվում են ՌԴ-ում, որի հետ աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշների կոնվենցիան է, բայց դեռ չունենք ռուսական կողմից համաձայնություն այս անձանց արտահանձնելու, թեև նշեմ, որ դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստան, խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»,- նշել է Վարդապետյանը։
Ըստ նրա՝ նախկին պաշտոնյաները մեղադրվում են նաև պաշտոնական դիրքի չարաշահման, ապացույցների կեղծման և գործի քննությունը խեղաթյուրելու դրվագներով։ Նա պարզաբանել է, որ դրանք մարտի 1-ի գործողությունների հետ փոխկապակցված չեն, այլ հետագայում կատարված դիրքային չարաշահումներ են։
Գլխավոր դատախազը շեշտել է, որ Կոստանյանն ու կինը բացի Մարտի 1-ի հետ կապված գործից, մեղադրվում են նաև չարաշահումների և փողերի լվացման մեջ, և այս պահին դատարանում գտնվում է կնոջ դրվագը։ Նա Հայաստանում է, և կարող են առկա ձևաչափով դատաքննություն իրականացնել, հավելել է Վարդապետյանը։
Մարտի 1-ի գործով հանրային լսումների ժամանակ Հակակոռուպիցոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտարարել էր, որ Կոստանյանը և Հարությունյանը գտնվում են հետախուզման մեջ։
2021 թվականի ապրիլին Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Քրեական օրենսգրքի (2003թ․) 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում) Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով այս հոդվածն ուժը կորցրած և Սահմանադրությանը հակասող էր ճանաչվել։
Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերի 13-ին որոշել էր Քոչարյանի և մյուսների գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը բեկանել էր Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները։





































