Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը, հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Նա մանրամասնել է, որ դատարանը, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, որևէ խափանման միջոց չի կիրառել:
«Մեկնում եմ «Արթիկ» ՔԿՀ, որտեղից շուրջ 1 ամիս կալանքի տակ գտնվող մեր ընկերն ազատ կարձակվի»,- գրել է Հարությունյանը։
Հոկտեմբերի 20-ին ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։ Նրանք հավաքվել էին՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, որին ավելի ուշ կալանավորել էին։
Ղուկասյանին ձերբակալելու ժամանակ «Վարդանանց» հրապարակում զանգվածային անկարգություններ և արդարադատության իրականացմանը միջամտելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ Նարեկ Ղուկասյանը նույնպես ազատ կարձակվի, հայտնել է փաստաբան Արտուշ Հակոբյանը։
Նա նշել է, որ Ղուկասյանը բոլորովին վերջերս չափահաս դարձած, հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ է, ում նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 20-ի որոշմամբ՝ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:





































