Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է Վրաստանի նախկին նախագահ, դատապարտված Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնելու հնարավորությունը, գրում է Sputnik Gruzia-ն:
«Սաակաշվիլիին Ուկրաինային փոխանցելու ոչ մի հնարավորություն չկա»,- հայտարարել է Կոբախիձեն Աջարիայի Հանրային հեռարձակողի եթերում:
Վրաստանի վարչապետն այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունները վրացական հեռուստաալիքին տված հարցազրույցում, որ ուկրաինական կողմը դիմել է Թբիլիսիին՝ խնդրելով բուժման նպատակով հնարավորություն տալ Սաակաշվիլիին տեղափոխել եթե ոչ Ուկրաինա, ապա երրորդ երկիր:
Սաակաշվիլին լքել էր Վրաստանը 2013 թվականին, որից հետո երկրում նրա դեմ չորս քրեական գործ էր հարուցվել, որոնցից երկուսի համար քաղաքական գործչին հեռակա կարգով դատապարտել էին 3 և ևս 6 տարվա ազատազրկման: 2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, սակայն ձերբակալվել էր, որից հետո նրան նոր մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։
Սաակաշվիլին 2022 թվականի մայիսի 12-ից կլինիկայում էր, կալանավայր էր վերադարձել նոյեմբերի 12-ին:





































