Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում միշտ եղել է օրակարգային, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին Աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ։
Նա նշել է, որ սա այն դեպքերից է, որ քաղաքականությունը, հայտարարությունները, որոշումներն այդ թվում` պիտի վերածվեն կոնկրետ մարդկային շփումների:
«Հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպված միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունն ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը»,- նշել է նա։
Վարչապետը հավելել է, որ այս շփումները շատ կարևոր են Հայաստանում կրոնական տարբեր համայնքների, ազգային փոքրամասնությունների հավատքին, կրոնին ծանոթանալու տեսանկյունից:
Աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին ներկա են գտնվել Հայաստանից և արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։
Փաշինյանը փետրվարին Վաշինգտոնում կրոնական ազատության հարցերով միջազգային գագաթնաժողովի շրջանակում մասնակցել էր Ազգային աղոթքի նախաճաշին:




































