ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը մտահոգություն ու վրդովմունք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ և մասնակցությամբ նոյեմբերի 14-15-ը Երևանում նախատեսված «աղոթքի նախաճաշի» կապակցությամբ:
Կոմիտեն կոչ է արել եվրոպացիներին վերանայել իրենց մասնակցությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ իշխանությունները կրոնական ավանդույթներն օգտագործում են քաղաքական նպատակներով, ինչն սպառնալիքի տակ է դնում աղոթքի հավաքների իրական հոգևոր իմաստը: Հայ դատի կարծիքով՝ նախաձեռնությունն ուղղված է կառավարության հակաժողովրդավարական գործողություններից և Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումներից ուշադրությունը շեղելուն:
Կոմիտեն հիշեցրել է բարձրաստիճան հոգևորականների՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործերի մասին: Կոմիտեն կոչ է արել «աղոթքի նախաճաշի» եվրոպացի մասնակիցներին դատապարտել եկեղեցու նկատմամբ ճնշումները և հանդիպել կալանավորված հոգևորականների ու քաղբանտարկյալների հետ:
Փաշինյանը փետրվարին Վաշինգտոնում կրոնական ազատության հարցերով միջազգային գագաթնաժողովի շրջանակում մասնակցել էր Ազգային աղոթքի նախաճաշին:




































