Գազայի հատվածում տեղի ունեցած ավերիչ պատերազմը տասնյակ հազարավոր ընտանիքների անօթևան է թողել։ Նրանք ստիպված են ապաստան փնտրել ոչ միայն փախստականների ճամբարներում, այլև դպրոցներում, որոնք, չնայած հրադադարին, դեռևս չեն կարողացել վերսկսել լիարժեք գործունեությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են պաղեստինյան իշխանությունները։
Ինչպես գործակալությանը բացատրել է Գազայի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Իսմայիլ ալ-Սավաբիտան, անկլավի կառավարությունը նախատեսում է 600 000 աշակերտի վերադարձնել դպրոց, ինչը պահանջում է ազատել փախստականների կողմից զբաղեցված առնվազն մի քանի դպրոց։
«Կրթության նախարարությանը կից կառավարական հանձնաժողովը պահանջել է ազատել դպրոցները՝ ուսումնական գործընթացի վերսկսման հնարավորություն տալու համար։ Չնայած Կրթության նախարարության ջանքերին, ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս իրականացնել այս ոլորտում բոլոր ծրագրերը»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ դասարանների տարածքի խնդրից բացի, ուսուցիչների զգալի պակաս կա ինչպես մասնավոր, այնպես էլ ՄԱԿ-ի կողմից աջակցվող դպրոցներում։
Կրթության նախարարության վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր 674 000 պաղեստինցի երեխա և դեռահաս զրկվել են դպրոցներում կրթությունը շարունակելու հնարավորությունից: Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև զինված հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 17 000 դպրոցական, իսկ մոտ 26 000-ը՝ վիրավորվել: Բացի այդ, սպանվել է 982 ուսուցիչ և դպրոցի աշխատակից:
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 10-ից։ Համաձայնագրի շրջանակներում շարժման ներկայացուցիչներն Իսրայելին էին փոխանցել 20 պատանդի, որոնք պահվում էին Գազայի հատվածում: ՀԱՄԱՍ-ը նաև պարտավորվել էր հանձնել բոլոր զոհվածների աճյունները, սակայն ութ մարմին մինչ օրս գտնվում է Գազայում:
Իր հերթին՝ Իսրայելը բանտերից ազատ էր արձակել շուրջ 2000 բանտարկյալի՝ ինչպես նախկինում ահաբեկչության համար դատապարտված, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ ձերբակալված և առանց դատավարության բանտերում պահվող, ինչպես նաև հանձնել էր 360 պաղեստինցի զինվորականի մարմին:





































