Հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը ժամանակավրեպ է համարում խոսակցությունները, թե ղազախական ցորենի Հայաստան գալով հացի, ապա նաև այլ մթերքների գինը նվազելու է:
«Միշտ լավ է, երբ ունենում ենք ալտերնատիվ ճանապարհներ, եթե ռիսկերը հաշվարկված են, ամեն ինչ հաշվարկված է»,- «Արմատ» մեդիայի հետ զրույցում ասել է նա:
Նոյեմբերի 5-ի երեկոյան Ռուսաստանից առաջին անգամ Հայաստանի տարածք էր ժամանել ռուսական ցորենով բեռնված գնացք, որն անցել էր Ադրբեջանով և Վրաստանով։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 5-ին հայտնել էր, որ առաջիկա մի քանի օրում Ղազախստանից ցորենը նույնպես կստացվի Ադրբեջանի տարածքով։
Ֆարսյանի կարծիքով՝ ցորենի թեման ուռճացված է, ինչպես նաև «շղարշով պատված»:
«Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ ցորենը գալու է, վերջին վայրկյանին են հայտարարում, այնպիսի տպավորություն է, որ իրենք էլ են անակնկալի գալիս: Ցորենը գալիս է, հայտնի չէ, թե ով է բերող կազմակերպությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ անհայտ է նաև ճանապարհի կոնկրետ լոգիստիկան, բացի այդ՝ չի հայտարարվել, թե եթե ղազական ցորենն ավելի էժան է, որքա՞ն կարող է նվազել հացի գինը ՀՀ-ում:
Նրա խոսքով՝ ասել, որ սա փրկության նոր ճանապարհ է լինելու, չափանցված է: Ըստ «Մեր ձևով» շարժման անդամի՝ տպավորություն է, որ այդ առաքումն անում են, որ ցույց տան, թե տարածաշրջանի ապաշրջափակումը, որը նախատեսված է վաշինգտոնյան համաձայնագրերով, ուժի մեջ է մտել:
Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել են հռչակագիր, ինչպես նաև TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո:
Ֆարսյանի խոսքով՝ TRIPP-ից տնտեսական մեծ օգուտներ ակնկալել պետք չէ, այն էական տնտեսական ազդեցություն Հայաստանի վրա չի ունենալու: Նա նշել է, որ եթե հաշվարկվի ըստ գումարի, որը Հայաստանն է բեռների համար վճարում Վրաստանին, ապա TRIPP-ի դեպքում ադրբեջանական կողմից մեկ տոննա բեռի համար կվերցվի 6 դոլար, իսկ ակնկալվող եկամուտը տարեկան կկազմի 30-60 դոլար:
«Իրենք (իշխանությունները-խմբ.) խոսում են, որ դա դառնալու է Միջին միջանցք, բայց հաշվի առնելով աշխարհագրությունը՝ չեմ կարծում, թե մեծ տնտեսական ուղի է դառնալու աշխարհի համար»,- նշել է Ֆարսյանը:





































