Հայաստանի մի շարք պետական պաշտոնյաներ՝ նախարարներ, պատգամավորներ, հիմնարկների ղեկավարներ, բուհերի ռեկտորներ, հիվանդանոցների տնօրեններ, դարձել են հաքերային հարձակման թիրախ, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Տարբեր պաշտոնյաների անուններով, ըստ թերթի, «Վոթսափ» հավելվածում կեղծ հաշիվներ են բացվել, որոնց միջոցով ուղարկվում են գրություններ տարբեր անձանց: Այդ կեղծ էջերով ռուսերենով նամակներ են ստանում կառույցների աշխատակիցները, նշել է լրատվականը։
Թերթը հավելել է, որ օգտագործվող հեռախոսահամարները հայկական են, ինչը մարդկանց մեջ վստահություն է ստեղծում, որ նրանք պատասխանեն և տվյալներ փոխանցեն: Իրավապահները տեղյակ են խնդրից ու պարզել են, որ այդ հեռախոսահամարների տերերի համար ևս անակնկալ է, որ իրենց համարներից տարբեր անձինք հաղորդագրություններ են ստանում, պարզաբանել է աղբյուրը։
ՆԳՆ ոստիկանությունը հոկտեմբերի 30-ին զգուշացրել էր անձանց մասին, որոնք 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած հաղորդագրությունների հավելվածները։ ՆԳՆ-ից հորդորել էին քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով կամ ուրիշների համար այլ հեռախոսահամարներով էջեր բացելուց։





































