Թալինի համայնքապետարանը սեփական նախաձեռնությամբ սկսել է աշխատանքներ իրականացնել Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ առանց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու, հայտնել են թեմից։
Նշվում է, որ սկսել են եկեղեցու ցանկապատն ապամոնտաժել և նորոգել վաղ առավոտյան՝ առանց թեմի վարչական խորհրդին տեղյակ պահելու և առանց օրհնություն ստանալու։ Թեմից ընդգծել են՝ եկեղեցին իր ամբողջ տարածքով պատկանում է Մայր Աթոռին:
«Թեմի վարչական խորհուրդը խիստ դատապարտում է այս արհամարհական վերաբերմունքը, թեև միշտ պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ձեռք կմեկնեն եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Արագածոտնի թեմի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի՝ նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում մատուցած երկրորդ ծեսին մասնակցելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ին կմասնակցի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին։
Կարգալույծ քահանան Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ ծեսեր էր մատուցել նաև հոկտեմբերի 26-ին։ Արարողություններին նախորդել էր հոգևորականների կալանքների երկրորդ ալիքն Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Կարդացեք նաև՝





































