«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ողջունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հնչեցրած հայտարարությունները։
Ամորը հոկտեմբերի 28-ին Եվրանեսթ խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի երևանյան նիստում հայտարարել էր, որ քաղաքացիներին սոցիալական ցանցերում արտահայտած կարծիքների համար հետապնդելը ժողովրդավարական երկրներում անընդունելի է։
«Իրական եվրոպական ինտեգրումն սկսվում է ոչ թե Բրյուսելում, այլ հենց այստեղ՝ Հայաստանում, որտեղ պետք է ապահովվի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, արժանապատվությունը և իրավունքների պաշտպանությունը»,- ընդգծել են խորհրդից։
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրել է բարերարի շարունակական ակնհայտ հակաիրավական կալանքի և «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանքի վրա։
«Կարապետյանն արդեն ավելի քան 130 օր գտնվում է ապօրինի ազատազրկման մեջ՝ միջին ծանրության հանցագործության աբուրդային մեղադրանքով, առանց արդար դատավարության և թափանցիկ իրավական երաշխիքների ապահովման։ Նույն մտահոգությունը վերաբերում է նաև Մխիթարյանի՝ Գյումրիում իրականացված ապօրինի ձերբակալությանը և դրան հաջորդած կալանքին, որոնք վկայում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումների վտանգավոր միտման մասին»,- շեշտել է խորհուրդը։
Խորհուրդը «ցնցող» է անվանել նախկինում երբևէ չարատավորված երեք հանրային հեղինակություն վայելող սրբազանների տևական և անհիմն կալանքները:
Բարերարի պաշտպանական խորհուրդը շեշտել է, որ խոսքի ազատությունը, խաղաղ հավաքների իրավունքը և քաղաքական բազմակարծությունը ժողովրդավարության հիմնասյուներն են և չեն կարող սահմանափակվել քրեական հետապնդումների, իշխանության չարաշահման կամ ընտրովի արդարադատության միջոցով։
Խորհուրդը հիշեցրել է, որ այսպիսի գործողությունները հակասում են Հայաստանի՝ միջազգային համընդհանուր բնույթ կրող պարտավորություններին՝ մասնավորապես արդար դատավարության իրավունքի (ՄԻԵԿ 6-րդ հոդված), ազատության և անձնական անձեռնմխելիության (ՄԻԵԿ 5-րդ հոդված), ինչպես նաև արտահայտվելու և հավաքների ազատության (ՄԻԵԿ 10-րդ և 11-րդ հոդվածներ) ոլորտներում։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
Դատարանը օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել է նրա կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքն ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարաձգել էր գործարարի կալանքի ժամկետը:
Ամերիկացի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, ով օգոստոսին միացել էր պաշտպանությանը, Կարապետյանի ձերբակալությունն անվանել էր իրավունքի միջազգային նորմերին հակասող քաղաքական որոշում: Ավստրալա-բրիտանացի փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնն էլ հայտարարել էր, որ Կարապետյանը որևիցե անօրինական քայլ չի կատարել։




































