ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների արշավախումբը Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաք Արտաշատում բացահայտել է Հայաստանի՝ առ այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը, հայտնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժինը։
Եկեղեցին գտնվել է Հին Արտաշատի 17-րդ բլրի արևելյան լանջին և զբաղեցնում է մոտ 1000 քմ մակերես։
«Ըստ ստացված ռադիոածխածնային տվյալների՝ այս կառույցը վերաբերում է IV դարի առաջին կեսին ու, փաստորեն, Հայաստանի հնագիտորեն փաստագրված վաղագույն եկեղեցին է»,- ասել է արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Մկրտիչ Զարդարյանը:
Նշվում է, որ սա առաջին ութանկյուն եկեղեցին է, որը հայտնաբերվել է Հայաստանում։
«Ութանկյուն, չորս խաչաձև ելուստներով եկեղեցիներն այստեղ մինչ այժմ հայտնի չէին, սակայն մենք ծանոթ ենք դրանց Արևելյան Միջերկրականի տարածաշրջանից, որտեղ նման կառույցներն ի հայտ են գալիս հենց մ.թ. IV դարից ի վեր»,- նշել է Զարդարյանը։
Եկեղեցին կառուցված էր կրաշաղախով ամրացված տեղական քարից և, ամենայն հավանականությամբ, ունեցել է հարթ, սվաղված պատեր, որոնք տարբեր բարձրությամբ են պահպանվել, որոշ հատվածներում հասնում են 2,6 մետրի, որոշ տեղերում՝ մոտ կես մետրի։ Գտածոների տեսականին ու որակն ուսումնասիրելով՝ հնագետները եզրակացրել են, որ եկեղեցին կղմինդրածածկ էր և ունեցել է շքեղ ներքին հարդարանք։






































