Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2 ամսով, լրագրողներին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Դատարանը, ինչպես և սկզբից կանխատեսում էինք, բավարարեց քննիչի միջնորդությունը՝ կալանք 2 ամիս ժամկետով: Ըստ էության, տեսակցությունները սահմանափակեց, բացառությամբ մերձավոր ազականի՝ մոր»,- ասել է Սարգսյանը:
Նա շեշտել է, որ այստեղ ակնհայտ ապօրինի դատական ակտի հատկանիշ կա, հետևաբար՝ բողոքարկելու են որոշումը:
«Այս պահին հոդվածներից մեկը, որը մեղասագրվում է, այն պահին, երբ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել, իրենք ասում են՝ 2021թ. հարկադրել ես, որպեսզի ընտրության մասնակցի և կոնկրետ անձի չընտրի, 2021-ին դա հանցագործություն չէր: Հետևաբար, սրանով չէր կարող մեղադրանք ներկայացվել: Բայց ինչպես տեսնում ենք, իրենք «խուլ» են, «համր» են այնքան ժամանակ, քանի դեռ սա կոնկրետ հրահանգի արդյունքում է»,- հավելել է Սարգսյանը:
Մյուս հոդվածով, ըստ նրա, քննիչական մարմինը պնդում է, որ եպիսկոպոսը լիազորությունները գործադրելով՝ հարկադրել է հավաքի մասնակցել, սակայն Սարգսյանը նկատել է՝ չկարողացան օրենքով ցույց տալ, թե ինչ եղանակով է դա կատարվել:
«Այսինքն՝ ընդամենը խոսքեր, որ հանցագործություն է կատարվել, բայց թե այդ հանցագործությունն ինչպե՞ս է դրսևորվել, հանցավոր որևէ հատկանիշ չկա»,- նշել է նա:
Փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամասնել է, որ Մկրտիչ եպիսկոպոսին մեղսագրվում են հետևյալ երկու հոդվածներով նախատեսված արարքները՝ ՔՕ 210 հոդվածի 5-րդ մաս (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով- խմբ.) և 236-րդ հոդվածի 3-րդ մաս (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով-խմբ.):
Զոհրաբյանը շեշտել է՝ այս արարքներն ընդհանրապես վերաբերելի չեն, և այս մեղադրանքն ու Արագածոտնի թեմում իրականացված խուզարկությունները կապել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավի հետ:
Հոկտեմբերի 15-ի լուսադեմին ուժայինները խուզարկություններ էին անցկացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև թեմի առաջնորդի, թեմի քահանաների և աշխատակիցների բնակարաններում։ Դրա առիթ էին դարձել Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Արամ քահանա Ասատրյանի կողմից տարածված տեղեկությունները և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։ Բերման էին ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը, 12 քահանա, ինչպես նաև թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր երեք անձի, այդ թվում՝ եպիսկոպոսի ձերբակալության մասին։





































