«Վրացական երազանք» կուսակցությունից Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է 71,588% նախնական արդյունքներով՝ ստանալով 214 575 ձայն, հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Տվյալները 581-ի հաշվարկով են, ընդհանուր առմամբ՝ 584 տեղամաս կա։
Միևնույն ժամանակ՝ Sputnik-georgia-ն տեղեկացրել է, որ Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիում բողոքի ակցիայի հինգ կազմակերպչի։ Նրանց թվում են հասարակական գործիչ Պաատա Բուրչուլաձեն, «Ազգային շարժման» անդամ Իրակլի Նադիրաձեն, նախկին դատախազ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Մուրթազա Զոդելավան, «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության անդամ Պաատա Մանջգալաձեն և գնդապետ Լաշա Բերիձեն։
Վրաստանի 64 քաղաքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ֆոնին բողոքի ակցիայի մասնակիցները հոկտեմբերի 4-ի երեկոյան փորձել էին ներխուժել նախագահի պալատ՝ «իշխանությունը ժողովրդին» փոխանցելու նպատակով, տուժել էր 14 ոստիկան։ Ցուցարարների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել նաև իշխանությունը տապալելու հոդվածով։






































