ՀՀ վարչական դատարանը հրաժարվում է Արցախի Հանրապետությանը՝ գույքի գրանցված սեփականատեր Արցախի կառավարությանը, ինչպես նաև «Ֆիդես» ՈՒՎ կազմակերպությանն Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ գործով դատավարական որևէ կարգավիճակ շնորհել, հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Այլ խոսքով՝ Արցախի Հանրապետությանը սեփականազրկում են՝ առանց իրեն գործով մասնակից դարձնելու»,- նշել է նա։
Գործը, Երիցյանի հաղորդմամբ, քննում է դատավոր Կարեն Զարիկյանը, որը վերջերս նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ։
Օգոստոսին Երիցյանն Արցախի իշխանությունների անունից դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի՝ պահանջելով ներկայացուցչության շենքը նվիրաբերությամբ օտարել Արցախի Հանրապետությանը։ Փաստաբանն Armenia Today-ին մանրամասնել էր, որ հայցը ներկայացվել էր նվիրատվության վկայականի բացակայության պատճառով՝ շենքի նկատմամբ Արցախի սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու դատախազության պահանջին ի պատասխան։





































