Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է տրամադրել Tomahawk հրթիռներ, որոնք կարող են Ուկրաինային հնարավորություն տալ հարվածել Ռուսաստանին մինչև Մոսկվա, հայտնում է Axios-ը։
Ըստ կայքի աղբյուրի՝ դա զենքի միակ համակարգն է, որը Թրամփը չի համաձայնել վաճառել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինայի անունից։ Զելենսկին Axios-ին ասել է, որ Թրամփին հայտնել է, թե ինչ է իրենց պետք։
«Ի դեպ՝ մեզ դա պետք է, բայց չի նշանակում, որ մենք այն կօգտագործենք, որովհետև եթե այն ունենանք, կարծում եմ՝ նստելու և խոսելու համար դա լրացուցիչ ճնշում կլինի Պուտինի վրա»,- նշել է նա։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան արդեն կարող է հասնել Ռուսաստանի խորքն անօդաչու թռչող սարքերի միջոցով, սակայն շատ ռազմական թիրախներ ունեն բարդ հակաօդային պաշտպանություն, որը դժվար է խոցել անօդաչու թռչող սարքերով։
Tomahawk հրթիռն ունի 2500 կմ հեռահարություն և կարող է տեղափոխել մինչև 450 կգ պայթուցիկ նյութեր։ ԱՄՆ-ն երբեք նման հեռահարությամբ զենք չի փոխանցել Ուկրաինային։ Յուրաքանչյուր հրթիռի արժեքը մոտավորապես 2 մլն դոլար է։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Թրամփը Զելենսկու հետ սեպտեմբերի 23-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի բացառում Կիևի կողմից ամերիկյան հեռահար զենքի օգտագործման սահմանափակումների վերացումը, սակայն որևէ հստակ պարտավորություն չի ստանձնել։
«Նախագահ Թրամփը Ուկրաինայի նախագահ Զելենսկուն ասել է, որ բաց է քննարկելու Ուկրաինայի կողմից Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված մասի դեմ ամերիկյան հեռահար զենքի օգտագործման սահմանափակումների վերացման հարցը։ Միաժամանակ նա չի խոստացել, որ հենց այդպես կվարվի», - նշվում է հոդվածում։
Օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանը հանդիպել էր Զելենսկու հետ։ Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ից զենքի գնումը կլինի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մի մասը։ Սպիտակ տունը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները զորքեր չի տեղակայի Ուկրաինայում՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում։




































