ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին վերագրվող տեղեկությունները տարածած սկզբնաղբյուրի և այլ տվյալները փոխանցվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետագա ընթացքավորման նպատակով, հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
Գերատեսչությունը մանրամասնել է, որ անհայտ ծագման և նոր ստեղծված կայքերում, այդ թվում նաև ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում, տարածվում են ՀՀ պաշտպանության նախարարին վերագրվող տեղեկություններ, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև աբսուրդի ժանրից են։
«Դրանք «ապատեղեկատվություն» որակելը նույնիսկ մեծ ցանկության պարագայում անհնար է»,- նշել են ՊՆ-ից։
Գերատեսչությունից հավելել են, որ համապատասխան գործընթացներ կձեռնարկեն (ներառյալ՝ հավատարմագրման դադարեցումը) ՀՀ-ում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք, հավատարմագրված լինելով Պաշտպանության նախարարությունում, տարածում են այդ կեղծ, ակնհայտ զրպարտչական բնույթի տեղեկությունը՝ հղում անելով անհայտ ծագման կայքին և ադրբեջանական լրատվամիջոցներին։
Սեպտեմբերի 24-ին Armenia Daily կայքը հրապարակել էր «Պաշտպանության նախարար Պապիկյանը և վարչապետ Փաշինյանը ներգրավված են պեդոֆիլիայի և պոռնոգրաֆիայի սկանդալում» վերնագրով հոդված։






































