Հայկական ատոմակայանի անվտանգ գործունեությունը ՀՀ կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է, «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ընթացքում պահպանվեն անվտանգության ամենաբարձր չափանիշները։
«Մենք պարբերաբար անցկացնում ենք տեսչական և փորձագիտական գնահատման առաքելություններ, որոնց զեկույցները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանը շահագործում է ԱԷԿ-ը ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին համապատասխան, ինչի մասին է վկայում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպի բացակայությունը»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ վերջին տարիներին ատոմակայանում իրականացված լայնածավալ արդիականացման ժամանակ հաջողվել է երկարաձգել դրա շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը։
«Այս փորձի հիման վրա Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, որոշել է երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը։ Հայկական ատոմակայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ Հայաստանի, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և այլ միջազգային գործընկերների միջև արդյունավետ և վստահելի գործընկերության արդյունք»,- ընգծել է նա։
Այդ երկարաձգումը, ըստ Փաշինյանի, ամուր հիմք կստեղծի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ավարտից հետո նոր էներգաբլոկի շահագործմանը սահուն անցում կատարելու համար։
«Այս համատեքստում Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ համագործակցությունն ԱԷՄԳ-ի և այլ գործընկեր երկրների հետ՝ գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար՝ հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաև երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկություններն ու բնույթը։ Շահագործման հանձնվող նոր էներգետիկ օբյեկտները կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է ատոմակայանը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևորագույն բաղադրիչ պահպանելու քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրվում է Հայկական ատոմակայանի կողմից:
Այսօր ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Ատոմային էներգիայի դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Չուդակովը նշել էր, որ Հայաստանի համար առավել տրամաբանական կլինի կառուցել ռուսական նախագծով նոր էներգաբլոկ։
Մանրամասները՝ տեսանյութում։



































