2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին հարակից «Հայկազով» կոչվող տեղանքում Արցախի ՊԲ-ի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունը 9-ամսյա շրջափակման, Արցախի վրա Ադրբեջանի հարձակման, դրա հետևանքով հարյուրավոր զոհերի ու բռնի տեղահանության ողբերգական շարքի վերջին կաթիլն էր, որը շոկի ենթարկեց առանց այն էլ հյուծված ու սպասվող անորոշությունից շփոթված մարդկանց։ Կրկին զոհեր ու անօգնական վիրավորներ, անհրաժեշտ դեղամիջոցների ու բուժող մասնագետների սակավություն։ Այս պայթյունի հետևանքով զոհվեց ավելի քան 200 անձ, այդ թվում՝ կանայք ու անչափահասներ։
Նրանցից մեկը՝ Աննման Յախշիբեկյանը, ողբերգական դեպքից երկու օր առաջ էր բոլորել 34-ամյակը և ամուսնու, երեք երեխաների ու սկեսրոջ հետ Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից հասել էր Ստեփանակերտ։ Նրա մայրը՝ Իրա Ղազարյանը, Արցախյան առաջին պատերազմի տարիներին զոհվել էր ադրբեջանցիների հրետակոծության հետևանքով, երբ գյուղի խաղողի այգիներում բերքահավաքին էր մասնակցում։
Աննմանի ամուսինը՝ Էրիկ Յախշիբեկյանը, պայմանագրային զինծառայող էր, սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ Մարտունու մոտակայքի դիրքերում էր։ Պատերազմի ավարտից հետո վերադառնում է գյուղ և նեղ օրվա համար պահած 5 լիտր բենզինով ընտանիքին հասցնում Ստեփանակերտ։ Ադրբեջանցիները գյուղին շատ մոտ էին, ասում է՝ չգիտեինք՝ ինչ կլինի, ու րոպե առաջ ընտանիքը դուրս է բերում այդտեղից։ Ասում է՝ մտածում էր, որ Ստեփանակերտում մի քանի օր կմնան ու կվերադառնան իրենց տուն։ Տնից վերցրել էին մի քանի կապոց շոր, երեխաների քնելու համար անհրաժեշտ անկողնային պարագաներ ու շարժվել դեպի Ստեփանակերտ։
Աղետալի պայթյունը
«Մռակած» կոչվող բենզալցակայանում հերթի մեջ էին, երբ լսում է, որ «Հայկազովում» բենզին են բաժանում։ Եվ շատերի նման նա էլ այդտեղից շարժվում է դեպի Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի մոտ գտնվող զորամասը։ Ասում է՝ այնքան շատ մարդ կար, որ մեքենան մոտ երկու կմ հեռու են կանգնեցրել ու ոտքով գնացել։

«Ձեռքիս երկու հինգլիտրանոց տարա կար, Աննմանը ինչ-որ շիշ է վերցնում ու հետևիցս գալիս։ Նայեցի տեսա, որ էլի կանայք կան, որ քսան լիտրանոց տարաները բենզինով լցրած իջնում էին, մտածեցի` դե եկել, եկել է, լավ»,- հիշում է Էրիկը։
Այնտեղ համագյուղացու է հանդիպում, ով քողով դույլն իջեցնում էր հողի մեջ թաղված խոշոր բաքը և հանում բենզինը։ «Տարբեր լյուկեր կային ու ամեն լյուկի մոտ հարյուրավոր մարդիկ։ Աննմանը կողքիս էր կանգնած, դատարկ շիշն ինձ էր տալիս, լիքը լցվածը կողք էր դնում։ Վերջինը՝ երրորդը լցնելու ընթացքում տեղի է ունենում պայթյունը։ Մարդկանց կեսը պանելների տակ են մնում, կեսը շպրտվում են, մի մասը այրված դուրս է վազում»,- վերհիշում է Էրիկը։
Նա, ինչպես դեպքի վայրում գտնվող շատերը, չի հասկացել, թե ինչից է տեղի ունեցել պայթյունը։ Պայթյունի ալիքն Էրիկին 15-20 մետր հեռու է շպրտել, ուշքի է եկել ամբողջությամբ հողի մեջ թաթախված, բայց անվնաս։
«Ուշքի գալուց հետո տեսա՝ շուրջբոլորս այրված մարդիկ վազում են, մի տարիքով տղամարդ Աննմանին հողից դուրս է հանում և մոտեցնում ինձ, անծանոթ մարդ էր։ Պետական համարներով շտապօգնության մեքենա կար մոտակայքում, առաջինը մենք ենք նստում, երկու այլ վիրավորի հետ հիվանդանոց հասնում»,- ասում է նա։
Աննմանին տեղափոխում են Ստեփանակերտի Մանկական հիվանդանոց։ Նրա մարմնի 80%-ը վառվել էր, բայց խորը չէին վերքերը, ասում է ամուսինը։ Նա նաև պատմում է, որ կնոջ գիտակցությունը տեղն էր, քայլում էր հիվանդանոցի սենյակում, նույնիսկ հեռախոսով երեխաների հետ խոսել է։ Բայց օրեցօր վիճակը վատթարանում էր։
«Բոլորի գլուխները հաջորդ օրը, անկախ նրանից, ինչքան է վառվել, քիչ է թե շատ, դեֆորմացվել էին, այտուցվել»,- հիշում է Էրիկը։
Նա կնոջ մոտ էր մինչ Երևան տեղափոխվելը, իսկ երեխաներն ու իր մայրն այդ ամբողջ ընթացքում Հանրապետական հիվանդանոցի մոտ մեքենայի մեջ էին մնում։
Սեպտեմբերի 27-ին Աննմանին ու պայթյունից մյուս տուժածներին ուղղաթիռով տեղափոխել են Երևան։ Էրիկի խոսքով՝ մինչև Երևան բերելը կնոջ վիճակը նորմալ էր։ Ստեփանակերտում անհրաժեշտ դեղամիջոցները չկային և թվում էր, թե Երևան տեղափոխելուց հետո կլավանա։ Սակայն Աննմանի արյունն արդեն թունավորվել էր, օրեցօր մարում էր ու կյանքից հեռացավ հոկտեմբերի 2-ին։

Աննմանի քույրը՝ Անուշ Ղազարյանը, համոզված է, որ եթե նրան ավելի շուտ հասցնեին Երևան, փրկելու հույս կլիներ։
«Երբ վերջին անգամ տեսա, ասացի, որ արտասահմանից բժիշկներ են գալու, ասացի՝ Աննման դու քո երեխաներին, Ալբերտիկին պետք ես, խնդրում եմ՝ ուժեղ կաց, ինքն այդ պահին ձեռքով նշան է արել, որ չէ, ձեռքով «չէ»-ի, հաջողի նման մի շարժում է արել»,- արցունքներն աչքերին վերհիշում է Անուշը։
Հոկտեմբերի 2-ն Անուշի աղջկա ծննդյան օրն էր և գնացել էր Աննմանին տեսակցության, որ հետո նշեին երեխայի տարեդարձը։ Տեսակցության ժամերին կա՛մ ինքն էր մտնում մոտը, կա՛մ Էրիկը։ Այդ օրը, երբ իրենց հերթը մոտեցել է, աշխատակիցները բոլորին ներս են հրավիրել, ասել են, որ նրան փրկելու հույս չկա․ ժամը 12։00-ին մոտ Աննմանը մահացել է։

Աննմանի հայրը կնոջ մահից հետո հետագայում ամուսնացել է, ընտանիքում քույրեր ու եղբայրներ են ծնվել։ Անուշը պատմում է, որ համերաշխ ընտանիք էին, մայրը լավ էր վերաբերվում Աննմանին, սակայն առանց հարազատ մոր մեծանալու կորուստն զգում էր։
«Մամային ասում էր, որ մյուս երեխաներից չես տարբերում, բայց մեկ է, ինչքան էլ փորձեն մյուսները լրացնել հարազատ մոր բացը, չի ստացվի։ Հիմա էլ նրա երեխաներն են նույն կարգավիճակում, Աննմանի ճակատագիրը կրկնվել է, ինչքան էլ փորձենք նրանց կողքին լինել, չենք կարող լրացնել նրա բացակայությունը»,- ասում է Անուշը։
Հարազատները պատմում են, որ մոր հետ կապված միակ հիշողությունը՝ նկարը, Աննմանը միշտ անձնագրի մեջ էր պահում։
Սեպտեմբերի 19-ին՝ պատերազմի վերջին օրը, ընկույզ էին հավաքում, այդ ժամանակ անընդհատ ասում էր՝ տեսնես որտե՞ղ կլինենք, որտե՞ղ կընկնենք, կտեսնե՞մ Ալբերտիկիս բանակ գնալը, հարսանիքը։ Անուշը ցուցադրում է դեռևս 2022 թվականին քրոջ հետ մեսենջերով ունեցած խոսակցությունը, որտեղ Աննմանն ասում է՝ «տեսնես այդքան կապրե՞մ, որ տեսնեմ քո աղջկա մեծանալը»։
Անուշը նաև պատմում է, որ Աննմանի թաղման օրը երեխաներն իրենք իրենց մխիթարում էին նրանով, որ գոնե հայրիկը ողջ է մնացել, կան երեխաներ, որ միանգամից մորն ու հորն են կորցրել։ Ստեփանակերտի Մանկական հիվանդանոցում Աննմանի մոտ նույն սենյակում պառկած էին ամուսիններ՝ Սաշա և Լիանա Սարգսյանները, որոնք ևս պայթյունից այրվածքներ էին ստացել ու մահացել։

Աննմանի երեխաներն աշխույժ ու շփվող են, տարբեր թեմաներով կարելի է հետները զրուցել, բայց մոր մասին նախընտրում են լռել։ Ավագ դուստրը՝ Մելինեն, 15 տարեկան է ու արտաքինից շատ նման է մորը։ Մյուս դուստրը՝ Վիկտորյան ու որդին՝ Ալբերտը, պատմում են Վանաձորում նոր դասարան հաճախելու, նոր շրջապատի մասին, բայց իրենց մոր մասին թանկ հիշողությունները, մտածումները նախընտրում են պահել թաքուն՝ հոգու խորքում։ Նրանց խնամում է Էրիկի մայրը՝ Իրա տատիկը, ով ասում է, որ թոռներն ուրիշների մոտ չեն խոսում այդ թեմաներով, բայց հաճախ են հիշում մորը, գյուղի դեպքերը։
«Խելոք երեխաներ են, առաջ Գուգարք գյուղում էինք ապրում, որ տեղափոխվեցինք, հարևանները նեղվել էին, շատ են հավանել նրանց»,- ասում է Էրիկը։
Նրանք հունիսից Վանաձոր են տեղափոխվել՝ իրենց սեփական բնակարանը, որը գնել են պետական ծրագրով։
Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղում միանգամից 4 կին է զոհվել
Աննմանի հայրը մահացել է 2022 թվականին՝ քաղցկեղից։ Աննմանի մորական տատիկը՝ Ռիմա Շաքարյանը (բոլորը Ռայա գիտեն) 88 տարեկան է, ներկայումս ապրում է ՀՀ Արարատի մարզի Հայանիստ գյուղում։ Զառամյալ կինը շատ երիտասարդ տարիքում կորցրել է դստերը՝ Իրային, հետո էլ թոռանը։

Ռայա տատիկը տարիների ցավից կծկվել, մի բուռ է դարձել, քչախոս է, դժվարությամբ է լսում, բայց միտքը պայծառ է և վերհիշում է հեռավոր 1992 թվականի սեպտեմբերի 9-ը, երբ համագյուղացիներով գնացել էին Խնուշինակի մոտ գտնվող «Սիվարանց տեղ» կոչվող վայրը՝ խաղողաքաղի։ Ռայա տատիկի հետ էր նաև Իրան։ Աննմանը 3 տարեկան էր, ուներ նաև մի քանի ամսական փոքր քույր։ Իրան փոքր երեխային թողել է տանը և գնացել Աննմանի համար խաղող բերելու։
Ռայա տատիկը դեպքի մասին արցունքները սրբելով է պատմում։
«Կեսօր էր, պատրաստվում էինք հաց ուտել, լսեցի գրադի ձայնը, կողքիս մարդկանց դես ու դեն շպրտեց։ Նայեցի զգեստիս՝ տեսա սաղ արյուն է։ Ես պիտի մեռած լինեի, խոխաս սաղ ինար (ես պիտի մահանայի, երեխաս ողջ լիներ)»,- ասում է նա։

Ռայա տատիկին վիրահատել են, բեկորները հանել, բայց Իրայի կյանքը փրկել չէր հաջողվել։ Ասում էին՝ եթե հղի չլիներ, միգուցե կարողանային փրկել։ Իրան ընդամենը 22 տարեկան էր։ Մոր մահից կարճ ժամանակ անց դժբախտ պատահարից մահանում է նաև Աննմանի փոքր քույրը։
Տատիկը նշում է, որ Իրան ու Աննմանը բնավորությամբ նման էին, երկուսն էլ աշխատող էին, հատկապես դրսի գործերը մեծ սիրով էին անում՝ բերքահավաք, այգիների մշակում։
Հարցերից Ռայա տատիկը կրկին հիշողությունների գիրկն է ընկնում ու լռում։ Ինչի՞ մասին ես մտածում, հարցին պատասխանում է. «Էէհ մատաղ լոխ մտըծելի պեներա՝ Քերթավ տամ ում, Մարտունավ, Խնուշինակավ տյուս կյամ (մտածելու բաներ շատ կան՝ Քերթով մտնում Մարտունիով, Խնուշինակով դուրս եմ գալիս)»։
1992 թվականի սեպտեմբերի 9-ը սուգ էր Խնուշինակում․ ամբողջ պատերազմի ընթացքում գյուղից միանգամից այդքան մարդ չէր զոհվել, այն էլ կանայք։ Խնուշինակի կոլխոզի այն ժամանակվա նախագահ Ռադիկ Շաքարյանը մինչև հիմա չգիտի, թե ինչո՞ւ էին հարվածել այգում աշխատողներին։ Հարվածն իրականացվել էր տանկից՝ Ճարտարի դիմաց գտնվող «Ուրյանա յալից» (Ուրյանա սար), որտեղից խաղողի այգին չի երևում։
Կոլխոզի նախկին նախագահը նշում է՝ այդ օրը շատ գյուղացիներ կային այնտեղ, զոհվել է 4 կին՝ Իրա Շաքարյանը (Ղազարյան), Սեդա Սարգսյանը (գիտեն որպես Ռիմա-AT), Ժենյա Հովսեփյանը, Նինա Հակոբյանը։
Ռադիկ Շաքարյանը նաև համեմատական է անցկացնում 90-ականների և վերջին պատերազմի միջև, նշում, որ առաջին պատերազմի տարիներին կոլխոզները կերակրում էին մարդկանց, իսկ 2023 թվականին վիճակն ավելի ահավոր էր, քանի որ սնունդ հայթայթելու ոչ մի հնարավորություն չկար։
Բենզինի պահեստի պայթյունի կին զոհերը
Մինչ այժմ անհայտ է բենզինի պահեստի պայթյունի պատճառը։ Մարդիկ տարբեր վարկածներ են առաջ քաշում, որոնցից ոչ մեկը միանշանակ չէ։ Բենզինի պահեստի պայթյունից երկու տարի անց էլ զոհերի հարազատները բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները չգիտեն ումից ստանալ։
Քննչական կոմիտեից հուլիսի 3-ին ստացված հարցման պատասխանի մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղակայված բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) նախաձեռնվել և քննվում է քրեական վարույթ:
ՔԿ-ն չի պատասխանել պայթյունի հետևանքով զոհված, անհետ կորած և վիրավորված անձանց թվի, այդ թվում՝ պայթյունին զոհ գնացած կանանց թվի մասին հարցին։ Հարցերին ի պատասխան՝ նշել են․ «Հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից ներկայացված հարցադրումների մասով տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 219 անձ, որից 4-ը՝ կին, 15-ը՝ անչափահաս։ Կա 22 անհետ կորած։ Պայթյունից զոհված մյուս երեք կանայք են՝ Լիանա Սարգսյանը (ամուսնու՝ Սաշա Սարգսյանի հետ), Նարինե Վարդանյանը, Արմենուհի Պապիկյանը։
Պայթյունի զոհերը՝ առանց հատուկ կարգավիճակի
Պայթյունի հետևանքով զոհվածները որևէ կարգավիճակ չունեն այն դեպքում, երբ շատերը կորցրել են ընտանիքի կերակրողին։ Այդ անձանց կարգավիճակի և նրանց ընտանիքների՝ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու հանդիսանալու մասին հարցերը վարչապետի աշխատակազմից վերահասցեագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից հայտնել են, որ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության կողմից իրականացրել է բենզալցակայանի պայթյունի հետևանքով տուժած 51 անձանց ընտանիքների կարիքների համալիր գնահատում, որի արդյունքում 44-ի ընտանիքները հաշվառվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի, նախարարության և Հայաստանի սոցիալական համագործակցությամբ իրականացվող աշխատողների ասոցիացիայի էլեկտրոնային դրամապանակի (e-քարտերի) աջակցության ծրագրում, որի շրջանակում ընտանիքներն ստացել են նպատակային գնումների հնարավորություն՝ հագուստի և կոշիկի, դեղատնից գնումների, հարմարավետ կենցաղի և այլնի ապահովման համար։
Ըստ նախարարության՝ վերոնշյալ 51 անձանց ընտանիքներն օգտվել են նաև ՀՀ կառավարության 2023թ. հոկտեմբերի որոշմամբ հաստատված` 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին միանվագ դրամական (100 000 դրամ) և դեկտեմբերի որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական՝ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության (40 000+10 000 դրամ) ծրագրերից, իսկ 41-ն օգտվել են նաև նոյեմբերի՝ N առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագրից (50 000/50 000 դրամ):
Պարզ չէ, թե ինչու են առանձնացրել հենց այդ 51 ընտանիքին, որոնց տրված աջակցությունը գրեթե չի տարբերվում մյուս տեղահանված ընտանիքներին տրվածներից։
Պայթյունի զոհերի հարազատները բազմաթիվ անգամ դիմել են տարբեր պետական մարմինների՝ խնդրելով 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունը ճանաչել որպես ռազմական գործողությունների հետևանք: Պետական տարբեր դռներ բախած հարազատները մարտի 10-ին նաև բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը, ԱԺ-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Նամակում նրանք հիմնավորել են բենզինի պահեստի պայթունը որպես ռազմական գործողությունների հետևանք ճանաչելը և խնդրել ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունը որպես ռազմական գործողությունների հետևանք, ինչպես նաև լուծել պայթյունի հետևանքով զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին հատուցման հարցը՝ համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերելով պայթյունից տուժած բոլոր անձանց ու ընտանիքներին:
Սակայն այս և նախորդ դիմումները մնացել են անպատասխան։ Պետության կողմից կրճատվող սոցիալական աջակցությունների ֆոնին այս ընտանիքները կարող են հայտնվել ավելի ծանր իրավիճակում։
Տաթևիկ Աղաջանյան
Նյութը պատրաստված է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում:




































