ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պահանջել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակում, աջակցություն արցախահայերի վերադարձին Արցախ, հայտնել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կենտրոնական գրասենյակից։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է փոփոխությունները, որոնք պարտավորեցնում են Պետդեպարտամենտին աջակցել հայ ռազմագերիների ազատմանը, հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանմանը և Արցախից բռնի տեղահանվածների վերադարձին, մանրամասնել են գրասենյակից։
Նրանք քննարկել են մի շարք լրացուցիչ նախագծեր, որոնք ուղղված են ԱՄՆ ռազմական օգնության դադարեցմանն Ադրբեջանին և տնտեսական սահմանափակումների կիրառմանը Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, բայց դրանք չեն ընդունվել։ Հանձնաժողովը, սակայն, նաև Թուրքիայի տարածաշրջանային ապակայունացնող քաղաքականության վերաբերյալ զեկույցի պահանջն է հաստատել։
Ներկայացուցիչների պալատի անդամ Գեյբ Ամոն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրում անտեսված խնդիրների մասին։
«Հայկական կրոնական և պատմական հուշարձանները շարունակում են ավերվել։ Հայ ռազմագերիները դեռևս պահվում են Ադրբեջանում։ Ավելի քան 120 հազար հայ փախստական դեռևս չի կարողանում ապահով վերադառնալ Լեռնային Ղարաբաղի իրենց տներ»,- հայտարարել է նա։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Կարդացեք նաև՝






































