Սեպտեմբերի 9-ի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց 2711 ընտանիք ստացել է բնակարանային ծրագրի շրջանակներում վկայականներ, հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ արդեն ներդրվել է 823 վկայական։ Թորոսյանը հավելել է, որ վերջին 10 օրվա ընթացքում ներդրվել են մոտ 60-ը։ Նա նշել է, որ գործընթացն առաջ է գնում, վերջերս էլ ակտիվացել է ծրագրի իրականացումը և տեղահանված անձանց դիմումները՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Նախարարի խոսքով՝ այս պահին սա կառավարության ամենակարևոր ծրագրերից մեկն է։
Նա նաև նշել է, որ նախարարությունը պատրաստում է ևս երկու ծրագիր։ Դրանցից մեկը կտրամադրվի այն քաղաքացիներին, ովքեր ընտանեկան հանգամանքների կամ առողջական խնդիրների պատճառով չեն կարողանա օգտվել բնակարանային ծրագրից։ Իշխանությունները նաև զբաղվածության ծրագրեր են պատրաստում բնակարանային ծրագրից օգտվող տեղահանված անձանց համար։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Իշխանությունները երկարաձգել էին Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրի հավաստագրերի ժամկետը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Կարդացեք նաև՝




































