Վաշինգտոնը մյուս երկրներին հայտնել է, որ Պաղեստինի պետության ճանաչումը կառաջացնի լրացուցիչ խնդիրներ, նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք բոլոր երկրներին ասել ենք, որ եթե դուք ճանաչեք, այն ամբողջությամբ կեղծ կլինի, նույնիսկ իրական չէ։ Եթե դուք դա անեք, խնդիրներ կստեղծեք»,- Ռուբիոյի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Պետքարտուղարի խոսքով՝ եթե Պաղեստինը ճանաչեն, «կլինի պատասխան, դա կդժվարացնի հրադադարի հասնելը և կարող է նույնիսկ հրահրել այն գործողությունները, որոնք տեսել են կամ, առնվազն, նման գործողությունների փորձեր»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հուլիսի 29-ին հայտարարել էր, որ Լոնդոնը սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը, եթե Իսրայելն «էական քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակը դադարեցնելու» և հրադադարի հասնելու համար: Նախքան այդ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիան և ևս 14 երկիր կոչ էին արել սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ճանաչել Պաղեստինը որպես պետություն:
2024 թվականի հունիսին Հայաստանը հայտարարել էր Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին և դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ։




































