Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավայրում այցելության ժամանակ չենք քննարկել նրա՝ վարչապետի թեկնածության հարցը, Armenia Today-ին հայտնեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ խմբակցության երեք պատգամավոր՝ Դանիելյանը, Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը, այցելել են Շիրակի թեմի առաջնորդին ու համոզել նրան իր թեկնածությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն համաձայնել։
Դանիելյանը հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ «քաղբանտարկյալներին այցելելն իր ամենօյա աշխատանքի մաս է», և սա առաջին նման այցելությունը չէ։
«Այդ թեմայով սրբազանի հետ ընդհանրապես խոսակցություն տեղի չի ունեցել։ Ես շատ եմ լինում քրեակատարողական հիմնարկներում։ Դրանում արտառոց բան չկա։ Միքայել սրբազանի այցելության հնարավորությունը բացել էին, և այցելել ենք՝ հասկանալու ինչի կարիք ունի»,- պարզաբանեց Դանիելյանը։
Պատգամավորը հավելեց, որ կալանքը ՀՀ-ում դարձել է պատժի ձև, մարդկանց կալանավորում են՝ որպես պատիժ պահելով ամենավատ պայմաններում։
«Այդ մարդիկ այնտեղ դառնում են կա՛մ հաշմանդամ, կա՛մ հիվանդությունները կրկնապատկվում են։ Էլ կապ չունի՝ մարդը հիվա՞նդ է, թե՞ ոչ, կամ նախաքննությունն ավարտվե՞լ է, և չի կարող ազդել գործի վրա․ օրինակ՝ Միքայել սրբազանն ի՞նչ է անելու։ Ինքն իր վրա ազդելո՞ւ է»,- շեշտեց Դանիելյանը։
Հունիսի 27-ի խուզարկություններից հետո իրավապահները երկու ամսով կալանավորել էին Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Նա չի ընդունում մեղադրանքը:
Նույն օրն ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ միանում է Աջապահյանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ կաթողիկոսի և թեկնածուի համաձայնության պարագայում։ Աջապահյանը, մինչդեռ, խնդրել էր իրեն վարչապետի թեկնածու չդիտարկել, քանի որ «լիովին բավարարված է» իր ծառայությունից իբրև հոգևորական։





































