Քրեական վարույթի շրջանակում դատախազը «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրեն, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում, Armenia Today-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Դատախազությունից մանրամասնել են, որ քրեական վարույթը հարուցվել է օգոստոսի 15-ին՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը, առավելագույն պատիժը՝ 3 տարվա ազատազրկում), 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը , առավելագույն պատիժը՝ 4 տարվա ազատազրկում) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի (փողերի լվացումը, առավելագույն պատիժը՝ 12 տարվա ազատազրկում) հատկանիշներով։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն, «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի, 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2024-ի օգոստոսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր հանձնարարությամբ ԱՆԻՖ-ում տեղի ունեցած ձախողումների հարցով ուսումնասիրություն է սկսվել, և այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործ կա։ Air Arabia ավիաընկերության և ԱՆԻՖ կողմից էր հիմնադրվել Fly Arna ավիաընկերությունը, որն այլևս չի գործում։
ԶԼՄ-ներն «ընկերության ձախողումը կապել էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ էր հանդիսացել, որ ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում»: 2024-ի հուլիսին միջազգային ԶԼՄ-ները գրել էին, որ Air Arabia-ն Fly Arna ավիաընկերության առնչությամբ Հայաստանի դեմ հայց կներկայացնի։
Ավինյանը 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր։ ԱՆԻՖ-ում չարաշահումների, իր կողմից պարտականությունները չկատարելու մեղադրանքներին անդրադառնալով՝ նա հերքել էր դրանք՝ նշելով, որ ԱՆԻՖ-ը ճիշտ է կատարել առաջադրված խնդիրները։
Ապրիլին Ավինյանը հայտարարել էր, որ իր հետ կապված իրավական գործընթաց չկա և չի կարող լինել՝ հերքելով տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱՆԻՖ-ի չարաշահումների գործով պատրաստվում է մեղադրանք առաջադրել իրեն։






































