Քաղաքագետներ Հրանտ Միքայելյանը և Դավիթ Հարությունովն Armenia Today-ին տված հարցարզրույցում գնահատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները։
Միքայելյանը նշել է, կողմերի միջև «Թրամփի միջանցք» ստեղծելու պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից երկար տարիներ առաջ մղվող «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի իրագործումը կդառնա։ Այդ երթուղին, Միքայելյանի գնահատմամբ, արտատարածքային է լինելու Հայաստանի նկատմամբ (այսինքն՝ այն ոչ մի կերպ չի վերահսկվի -AT.), և այն հսկելու են ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության զինված աշխատակիցները։
Փորձագետն ընդգծել է, որ սովորաբար, նման ընկերությունների անձնակազմը կազմված է նախկին կամ գործող ուժայիններից, ինչը պետությանը, այս դեպքում՝ ԱՄՆ-ին, ապահովում է վերահսկողություն և օգուտներ՝ առանց ձևական պարտավորությունների: Փորձագետն ընդգծել է, որ նախագծի իրագործումն արմատապես կփոխի ուժերի հավասարակշռությունը. Ադրբեջանը ստացավ բոլոր ցանկալի զիջումները, փակեց Արցախյան հարցը, հասավ ԱՄՆ-ից զենքի մատակարարման էմբարգոյի վերացմանը և ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմական համագործակցության ակտիվացում:
Փորձագետի կարծիքով՝ նախագիծն ուղղված է Իրանի, Ռուսաստանի և հենց Հայաստանի դեմ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կորցրել է մոդերատորի դերը տարածաշրջանում, իսկ բանակցային գործընթացն ամբողջությամբ անցել է ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Միջանցքը կապահովի ադրբեջանական և թուրքական բեռների անարգել փոխադրումը, և հետախուզական գործունեության հարթակ կդառնա Իրանի հյուսիսային հատվածների համար:
Հայաստանի համար, ըստ Միքայելյանի, սա լուրջ ռիսկեր է պարունակում։ Ամերիկյան անձնակազմի ներկայությունը չի երաշխավորում տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգությունը, իսկ Թրամփի խոստումները բանավոր են և չեն ապահովվում գրավոր երաշխիքներով:
«Քաղաքական գործընթացն ավարտվեց՝ առանց Հայաստանի կողմից որևէ երաշխիք ստանալու»,- ընդգծեց Միքայելյանը:
Փորձագետը կարծում է, որ տարածաշրջանի վերաձևակերպմանն ուղղված քայլերն ԱՄՆ-ի օգտին արդեն արված են, իսկ օգոստոսի 9-ին ընդունված համաձայնագրերի վավերացման և իրագործման գործընթացը կարագացվի:
Հարությունովն էլ նշել է, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը բազմաթիվ թերություններ ունի: Մասնավորապես, ըստ նրա, հայկական կողմը փաստացի առնվազն թուլացնում է վերահսկողությունը Սյունիքի մարզի առանցքային հատվածի նկատմամբ: Քաղաքագետը շեշտել է, որ զուգահեռաբար Հայաստանն իր տարածքը վերածում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի միջև հակամարտության կետի, ինչն ապագայում կործանարար հետևանքներով է հղի:
«Ընդ որում, պայմանավորվածությունների շրջանակներում ակնհայտորեն նախատեսված չեն Հայաստանի համար ամերիկյան անվտանգության երաշխիքների իրական մեխանիզմներ։ Հարցականի տակ է մնում նաև ԱՄՆ պարտավորությունների երկարաժամկետ բնույթը, քանի որ ավելի վաղ Վաշինգտոնն այլ տարածաշրջաններում բազմիցս հրաժարվել է իր պարտավորություններից, այդ թվում՝ իր երկրի ներսում ներքաղաքական գործոնների ազդեցության տակ»,- նշել է նա։
Ըստ Հարությունովի՝ համաձայնելով ԱՄՆ-ի մասնակցությանը Սյունիքով երթուղու ստեղծմանը, հայկական կողմն առնվազն այս փուլում փորձում է խուսափել Սյունիքի շուրջ իրադարձությունների զարգացման առավել անբարենպաստ և անդառնալի՝ ուժային տարբերակից և որոշակի դադար ստանալ Ադրբեջանի կողմից ռազմական ճնշման տեսանկյունից: Քաղաքագետը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ ամերիկյան բիզնեսի ակտիվ ներգրավումը նախագծում արդեն ինքնին կդառնա անվտանգության գործոն:
Փորձագետը չբացառեց, որ Հայաստանի տարածքով ամերիկյան երթուղու նախագծի իրականացման պարագայում տնտեսական աճի համար որոշակի դիվիդենտներ կհայտնվեն։ Միաժամանակ, Հարությունովն ընդգծել է, որ տնտեսության հնարավոր աճը, ամենայն հավանականությամբ, կկրի Հայաստանին բնորոշ «բացառող» բնույթ, այսինքն՝ առանձնապես չի անդրադառնա «սոցիալական ներքևներին» և դժվար թե հանգեցնի այս ոլորտում համակարգային խնդիրների լուծմանը:
Քաղաքագետը նաև թվարկել է մի շարք գործոններ, որոնք հնարավոր են դարձրել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նա նշել է, որ Ռուսաստանը, որը զբաղված է ուկրաինական հակամարտությամբ, փաստացի, դադարել է ապահովել Հայաստանի անվտանգության երաշխիքները և կորցրել է տարածաշրջանում ազդեցության կարևոր լծակները: Հայկական կողմի վիճակը կտրուկ վատթարացել է վերջին ամիսներին՝ Իսրայելի հարձակման հետևանքով Իրանի կրած կորուստների պատճառով:
Բացի այդ, ըստ Հարությունովի, Մոսկվայի հետ իրենց հարաբերությունների համաժամանկյա վատթարացման ֆոնին Երևանին և Բաքվին չափազանց դժվար էր ԱՄՆ-ի ճնշմանը դիմակայել երթուղու տրամադրման հարցում:
«Ընդհանուր առմամբ, 2020 թվականից սկսած՝ գործընթացների դինամիկան ենթադրում էր Հայաստանի ինքնուրույնության և ինքնիշխանության աստիճանական թուլացում և «կրճատում», հարցականի տակ էին մնում միայն այդ գործընթացի ծավալներն ու շահառուները», - եզրափակել է փորձագետը:






































