ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին մեկնաբանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու հետ կապված միջադեպի մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը։
«Միջադեպի երեք մասնակից ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե», – ասել է մամուլի խոսնակը։ Նա չի հաստատել պատգամավորի որդու մասնակցությունը միջադեպին՝ շեշտելով, որ անձնական տվյալներ չեն տրամադրում։
Այսօր ավելի վաղ 168.am կայքը գրել էր, որ ՔՊ-ական պատգամավորը և որդին ծեծկռտուք են հրահրել։
«Ծեծի պատճառը եղել է քաղաքացու լեգիտիմ պահանջը` պատգամավորի 888 86 համարներով «Տոյոտա» մակնիշի մեքենան փողոցի սխալ կայանված հատվածից հեռացնելու մասին: Հայր և որդի Բագրատյանները չեն հանդուրժել դիտողությունը, և դիտողություն արած քաղաքացուն ծեծի են ենթարկել, փորձել են միջամտել պարեկները, որոնց ևս Շանթ Բագրատյանը քաշքշել է»,- գրել է կայքը։