Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն այսօրվանից ստանձնում է ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի («Ղարս» մասնաճյուղ) տնօրենի պաշտոնը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Մինասյանը:
«Մեր երկրի էներգետիկ ոլորտը, որը ռազմավարական նշանակություն ունի, պետք է ամրապնդվի, ուղղի մեջքն ու իրական զարգացման ճանապարհին կանգնի: Վստահ եմ՝ սպառողը կարճ ժամանակ անց զգալու է այն դրական փոփոխությունները, որոնց հասնելու ենք»,- հայտարարել է նա:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն այսօր «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին են ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Մինասյանին։
Առուշանյանը շեշտել է, թե այն փոփոխությունները, որ տեղի են ունենում ՀԷՑ-ում, «արվում են միայն ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ իրենց մարզի»:
Հուլիսի 18-ին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հուլիսի 24-ին ՀԷՑ-ի մամուլի ծառայությունը հայտարարել էր նոր բարձրաստիճան ղեկավարների նշանակման մասին։ Հուլիսի 31-ին Պետրոսյանի նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Մարտին Մինասյանն իշխող կուսակցության կողմից առաջադրվել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնում, սակայն ընտրությունների արդյունքներից հետո քաղաքապետ էր դարձել ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը։ Մինասյանը նախկինում աշխատել է որպես Շիրակի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի տնօրեն։ Մամուլը գրել էր, որ նա հնարավոր է նշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ինչը Մինասյանը հերքել էր: